Ինչու է ծխախոտը ՀՀ-ում վաճառվելու սպիտակ տուփերով. որքանով գնի բարձրացումը կնպաստի կանխարգելմանը

Մանրամասներ

Օրերս ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հայտարարեց՝ 2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանում ծխախոտը պետք է վաճառվի սպիտակ տուփերով։

Նույն խմբակցության պատգամավոր, Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի խոսքով՝ սա ամրագրված է 2020 թվականին ՀՀ-ում ընդունված «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում:

«Օրենքը, երբ ընդունվում էր, տուփերի հետ կապված հարցը ևս քննարկվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, Առողջապահության հարցերի հանձնաժողովի անդամները նույնպես մասնակցել են այդ քննարկմանը։ Այստեղ այլ հարց կա՝ սա սահմանվում է մեր օրենսդրությամբ, իսկ ԵԱՏՄ կանոնակարգում չկա։ Հիմա, եթե մենք ընդունում ենք, պետք է նաև ԵԱՏՄ-ում համապատասխանեցվի»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։

Ամբողջությամբ սպիտակ տուփերի անցումը, ըստ պատգամավորի, բացատրվում է նրանով, որ այդպես ծխախոտը կլինի քիչ գրավիչ, ոչ շատ ուշադրության կենտրոնում․ «Այսինքն՝ ովքեր ծխում են, միևնույն է, կշարունակեն ծխել, բայց սա կբերի նրան, որ, օրինակ, երիտասարդության շրջանում չտարվեն ծխելով, տուփը ուշադրություն չգրավի, այլ լինի կանխարգելիչ միջոց։ Բայց ինչպես պետք է սպիտակ տուփերի հարցը լուծել՝ դա կդժվարանամ ասել»:

Զեյնալյանը պարզաբանում է՝ այս հարցում կա երեք տարբերակ․ կա՛մ պետք է առաջարկվի ԵԱՏՄ-ին անցնել այս ձևաչափին, որով կազմակերպության բոլոր անդամ երկրներում կիրառելի կդարձվի միայն սպիտակ տուփերով վաճառքը, կա՛մ փոխվի ՀՀ-ի օրենսդրությունը և հանվի այդ դրույթը, կա՛մ էլ ծխախոտի մուտքը դեպի մեր երկիր արգելվի։ Ըստ նրա՝ հարցը վերջնական կարող է կարգավորել ՀՀ կառավարությունը:

«Տեղյակ չեմ՝ առաջարկվե՞լ է ԵԱՏՄ-ին ընդունել սա կանոնակարգում, թե՞ ոչ, բայց կարծում եմ՝ ոչ։ ԵԱՏՄ կարգավորումներն ավելի բարձր են, քան երկրի օրենսդրությունը, և այս հարցը պետք է կարգավորվի կազմակերպության կարգավորումներով։ Այդ կարգավորումները վերաբերում են բոլոր երկրներին։ Հիմա մենք սա սահմանել ենք մեզ համար, մեր օրենսդրությամբ։ Նշանակում է՝ հունվարի 1-ից միայն ՀՀ-ում ծխախոտը պետք է ներկրվի և արտադրվի սպիտակ տուփերով։ Մեր Կառավարությունը պետք է փորձի այս հարցը մտցնել ԵԱՏՄ կանոնակարգ»,- նկատում է նա։

Վերջինիս խոսքով՝ չնայած մինչ այս փոփոխությունն էլ ծխախոտային որոշ արտադրատեսակների վրա արդեն իսկ պատկերված են ծխախոտային վնասակարությունը ցուցադրող պատկերներ, որոնք անձին կարող են ետ պահել ծխախոտ գնելուց, սակայն, ըստ պատգամավորի, դրանք բավարար չեն՝ ծխելը հասարակության շրջանում կանխարգելելուն ուղղված քայլերի համար։ Զեյնալյանը կարծում է, որ մեկ միջոցով հնարավոր չէ մարդուն ստիպել հրաժարվել կամ չօգտագործել և դադարել ծխել, պետք է տարբեր գործոններ կիրառել։

Միևնույն ժամանակ նա նկատում է՝ ծխախոտի կանխարգելման հարցում գնային քաղաքականությունը ևս պետք է լինի տրամաբանված։ Բանն այն է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը Տնտեսական հարցերով հանձնաժողովի՝ նույն նիստի ընթացքում հայտարարել էր, թե մեկ տուփ ծխախոտը ՀՀ-ում պետք է լինի նվազագույնը 20 հազար դրամ, ընդ որում՝ ամենաէժան ծխախոտը, եթե ցանկություն կա ծխելը Հայաստանում վերացնելու կամ քչացնելու։

«Գնային իջեցումը կամ բարձրացումը շատ դեպքերում, այո, կանխարգելիչ է, բայց չպետք է միանգամից լինի։ Դա այն մեթոդը չէ, որ ստիպի դադարեցնել ծխելը։ Աստիճանաբար պետք է լինի այդ թանկացումը, հակառակ դեպքում, երբ մարդու գումարը չհերիքի, կհանգեցնի, որ նա այլ ճանապարհով, թեկուզ դրսից փորձի ձեռք բերել ավելի մատչելի գնով ծխախոտ»,- ասում է օրենսդիր մարմնի ներկայացուցիչը:

Սակայն, ըստ նրա, գինը որևէ ազդեցություն չի թողնում. բոլոր տեսակի ծխախոտների դեպքում մարդու առողջությանը հասցված վնասը նույնն է և շատ մեծ։ Պատգամավորի խոսքով՝ ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ ծխելը թոքերի քացկեղի առաջացման հիմնական պատճառներից մեկն է: