Պուտինին ձերբակալելու որոշման կատարումից խուսափելու համար ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը կարող է տեղափոխվել Հրվ. Աֆրիկայից Չինաստան

Մանրամասներ

ԲՐԻԿՍ-ի (հինգ երկրների խումբ, որոնց անդամ են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և ՀԱՀ-ը) գագաթնաժողովը կարող է Հարավային Աֆրիկայից տեղափոխվել Չինաստան, որը չի ճանաչում Հաագայի Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) իրավասությունը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Ըստ նրանց՝ այսպես Հարավային Աֆրիկայի իշխանությունները ցանկանում են խուսափել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու ՄՔԴ որոշման շուրջ քննարկումներից։

The Daily Telegraph-ն իր հերթին գրում է, որ Հարավային Աֆրիկայի պաշտոնյաները փորձել են նախագահ Սիրիլ Ռամաֆոսային համոզել գագաթնաժողովը տեղափոխել Չինաստան։ Թերթի աղբյուրները հայտնել են, որ դա կապված է նաև ՄՔԴ որոշման հետ։

Մարտի 17-ին ՄՔԴ-ն Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել։ Դատարանը գտել է, որ Վլադիմիր Պուտինը «իբր պատասխանատվություն է կրում երեխաների անօրինական արտաքսման հետ կապված ռազմական հանցագործությունների համար»։ Ապրիլին Հարավային Աֆրիկայի իշխանությունները նրան հրավիրել էին ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։ Միևնույն ժամանակ, Հարավային Աֆրիկան ենթակա է ՄՔԴ իրավասությանը և պարտավոր է ձերբակալել նրանց, ում դատարանը կասկածյալ է համարել գործով։ Հարավաֆրիկյան իշխանությունները խոստացել են խորհրդակցել Ռուսաստանի հետ։ Մայիսի 12-ին Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի հետ։ Նրանք քննարկել են ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները։