Անձամբ ցանկանում եմ, որ այդ գործընթացը սկսվի. ԵՄ դեսպանը՝ վիզաների ազատականացման երկխոսության մասին

Մանրամասներ

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինն անձամբ ցանկանում է, որ Եվրամիության և Հայաստանի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը մեկնարկի, սակայն անհրաժեշտ է ԵՄ անդամ բոլոր 27 պետությունների թույլտվությունը:

Դեսպանն այս մասին ասաց Եվրոպայի օրվան և Եվրոպական միություն-Հայաստան հարաբերություններին նվիրված մամուլի ասուլիսում՝ անդրադառնալով Հայատանում ԵՄ անդամ երկրների դեսպանություններում վիզա ստանալու համար հերթերի լուրջ խնդրին:

«Ես գիտեմ՝ բարդ իրավիճակ է այս պահին: Մենք սերտ կապ ենք պահում ԱԳՆ-ի, նաև անդամ երկրների հետ՝ փորձելու հասկանալ, թե այցեգրերի տրամադրման ընթացակարգերը որքանով կարելի է պարզեցնել և բարելավել»,-ասաց Վիկտորինը:

Նա նաև նշեց, որ կորոնավիրուսից հետո եվրոպական բազմաթիվ դեսապանատներ խնդիրներ են ունեցել՝ վերադառնալու աշխատանքի նորմալ ընթացքին:

Վիկտորինը նկատեց նաև, որ Հայաստանում բազմաթիվ ճամփորդական գործակալություններ բոլոր ազատ ժամերը նախապես ամրագրում են, ինչը խնդիր է: «Այդ պատճառով էլ անհրաժեշտ է այդ ուղղությամբ աշխատել: Դրա պատճառով էլ Գերմանիան, Լիտվան իրենց ընթացակարգը փոխել են: Շատ կարևոր է ընդգծել, որ վճարել պետք չէ՝ ժամ նշանակելու համար: Դա Երևանում աշխատող բոլոր դեսպանատների համար հստակ ճշմարտույթուն է»,-շեշտեց դեսպանը:

Ինչ վերաբերվում է վիզաների ազատականացման երկխոսության սկսմանը՝ դեսպանն ասաց. «Մենք պատրաստ ենք: Այս հարցը պետք է քննարկվի անդամ երկրների հետ, որովհետև մենք կարող ենք երկխոսությունը սկսել միայն, երբ թույլտվություն ստանանք 27 անդամ երկրից: Բայց ես գիտեմ, որ ՀՀ ԱԳՆ-ն մեծապես ներգրավված է: Եվ այս պահին նաև փոխգործակցում է երկրների հետ, որոնք մտահոգիչ ինչ-որ հարց ունեն: Հուսամ՝ շուտով կսկսվի գործընթացը: Ես անձամբ ցանկանում եմ, որ այդ գործընթացը սկսվի, բայց մենք պետք է լսենք անդամ երկրների դիրքորոշումները, կարծիքները, մտահոգությունները»: