Ռուսաստանը երբեք չի հաղթի Ուկրաինայում, երբեք. Կիևն ուժեղ է, և որ ամենակարևորն է՝ ազատ է. Բայդեն

ԱՄՆ նախագահը ՌԴ ղեկավարությանը մեղադրել է մարդկայնության դեմ հանցագործությունների համար եւ հայտարարել, որ հանցագործները պատժվելու են

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ելույթէ ունեցել Վարշավայում, ուր մեկնել էր Կիեւ այցից հետո։ Նա հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի պայմանագրի 5-րդ հոդվածը, ըստ որի՝ անդամ երկրներից մեկի վրա հարձակումը հավասարազոր է բոլորի վրա հարձակման, անսասան է, դա «սրբազան երդում» է։

Ավելի վաղ նա ասել էր, որ Պուտինը հույս ունի, որ Արևմուտքը կհոգնի, եւ «դեռևս կասկածում է Արևմուտքի համոզմունքներին»։ Սակայն Ուկրաինայի արեւմտյան դաշնակիցները «չեն վարանի» եւ «չեն հոգնի», ընդգծել է նա։

«Պուտինը ցանկանում էր Ուկրաինայի ֆինլանդացում, բայց դրա փոխարեն նա ստացավ Ֆինլանդիայի Շվեդիայի նատօացում»,- ասել է Ջո Բայդենը՝ թվարկելով Պուտինի ձախողումները:

«Մեկ տարի առաջ աշխարհը սպասում էր Կիևի անկումը, կարող եմ ասել, որ այն կանգուն է, ուժեղ է, և որ ամենակարևորն է՝ ազատ է», ասել է Բայդենը։ Նրա խոսքով, ավտոկրատների ախորժակները չեն կարող բավարարվել, նրանց պետք է դիմակայել, իսկ Ուկրաինայում պատերազմը երբեք չի ավարտվի ռուսական հաղթանակով։ «Ռուսաստանը երբեք չի հաղթի Ուկրաինայում, երբեք»,- ասել է Բայդենը։

Իր ելույթում Բայդենն ընդգծել է, որ Արևմուտքը մտադիր չէ հարձակվել Ռուսաստանի վրա և չի ձգտում վերահսկողություն հաստատել նրա վրա։

«ԱՄՆ-ը և եվրոպական երկրները չեն ձգտում վերահսկել կամ ոչնչացնել Ռուսաստանը: Արևմուտքը չի ծրագրել հարձակվել Ռուսաստանի վրա, ինչպես այսօր ասաց Պուտինը: Ռուսաստանի միլիոնավոր քաղաքացիներ, ովքեր ցանկանում են խաղաղ ապրել իրենց հարևանների հետ, թշնամիներ չեն: Այս պատերազմը երբեք անհրաժեշտ չի եղել: Սա ողբերգություն է: Նախագահ Պուտինը ընտրեց պատերազմը: Պատերազմի յուրաքանչյուր նոր օր նրա ընտրությունն է», ասել է Բայդենը:

ԱՄՆ նախագահը ՌԴ ղեկավարությանը մեղադրել է մարդկայնության դեմ հանցագործությունների համար եւ հայտարարել, որ հանցագործները պատժվելու են։