Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում. Շարմազանով

Մի պետությունում, որտեղ ՀՔԾ պետը հայտարարում է, որ երկու օր կբռնեն, ու խելքը գլուխը կգա, էլ քաղաքական հետապնդումն ինչպե՞ս եք պատկերացնում

Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքին՝ նշելով, որ երկրում արդարադատությունը գտնվում է խայտառակ վիճակում:

«Առաջին իսկ օրվանից, երբ  Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական գործ հարուցվեց, և առաջին անգամ նա ձերբակալվեց, ես և մեր կուսակցությունը նշել ենք, որ սա մտահոգիչ է և խայտառակություն։ Այո, կարծում եմ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում»,- ասաց նա:

Հարցին՝ քաղաքական հետապնդում իրականացվո՞ւմ է միայն  Քոչարյանի նկատմամբ, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց՝ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ կապված էլ:

«Ձայնագրությունները չեք լսե՞լ։ Մի պետությունում, որտեղ ՀՔԾ պետը հայտարարում է, որ երկու օր կբռնեն, ու խելքը գլուխը կգա, էլ քաղաքական հետապնդումն ինչպե՞ս եք պատկերացնում»,- ասաց  Շարմազանովը։

Ինչ վերաբերում է մարտի 1-ի դեպքերին, ՀՀԿ խոսնակը նշեց, որ Մարտի 1-ի հիմնական պատասխանատուն Լևոն Տեր-Պետրոսյանն է՝ իր քաղաքական աջակիցներով, որը, ըստ Է. Շարմազանովի՝ այդ օրերին Հայաստանում սերմանել է ատելության և անհանդուրժողականության մթնոլորտ:

«Չեմ ասում, որ այն ժամանակ իշխանությունները սխալներ չունեին, յուրաքանչյուր իշխանություն ունի սխալ։ Իմ կարծիքն էիք ուզում լսել՝ ասացի»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը։