Ահաբեկչություն Քենիայի հյուրանոցներից մեկում

Զոհվել է 15 մարդ

Քենիայի մայրաքաղաք Նայրոբիի հյուրանոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի և հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի: Այդ մասին հայտնում է Reuters-ը:
Աղբյուրի փոխանցմամբ` իրավապահներն ու փրկարարները հյուրանոցից մոտ 50 մարդ են տարհանել: Մի քանի տասնյակ մարդ դեռ շարունակում է ներսում մնալ, իրավիճակը լարված է, հյուրանոցային համալիրից պարբերաբար կրակոցներ են հնչում:
Պարզվել է նաև զոհվածների ինքնությունը: Նրանցից 11-ը Քենիայի քաղաքացի են, մեկը` Մեծ Բրիտանիայի և ևս մեկը` ԱՄՆ-ի : Զոհվածներից երկուսի ինքնությունը դեռ պարզվել չի հաջողվել:
Տեղի իշխանությունները միջադեպը որակել են ահաբեկչություն: Հարձակման պատասխանատվությունն իր վրա է վերցրել արմատական «Ալ-Շաբաբ» խմբավորումը: