Գազի նոր սակագինն էլի մնաց պետբյուջեի հաշվին

Հռետորական հարցեր չլուծված խնդրի մասին

Նախատոնական օրերին գազի գնի թանկացման լուրը բոլորի համար դարձավ Նոր տարվա իսկական նվեր:

Եթե նախկինում Հայաստանը գնում էր Ռուսաստանից 1000 խմ գազը 150 դոլարով, ապա Հայաստան մատակարարվող գազի գինը հունվարի 1-ից արդեն կկազմի 165 դոլար՝ 1000 խմ-ի դիմաց:

Իսկ ու՞ր մնացին այն խոստումները, որ գազի գինը ոչ միայն չի թանկանա, այլ նաեւ կէժանանա: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հավաստիացրել է, որ սպառողների համար գազի սակագինը կմնա անփոփոխ: Հարց է ծագում՝ ինչի՞ հաշվին, հարցն առայժմ հռետորական է:

Անշուշտ, գազի գնի բարձրացումը կհանգեցնի սպառողական զամբյուղի մաս հանդիսացող ապրանքների գների անխուսափելի աճի: Այսպիսի մտահոգություն է հայտնում նաեւ տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Ըստ նրա, Հայաստանի կառավարությունը, չնայած ավելի վաղ տված խոստումներին, որ երկրի բնակչությունն իր վրա չի զգա գազի գնի բարձրացումը, ըստ էության, չի կարող այդ ծախսերի սուբսիդավորման համար միջոցներ գտնել:

«Ակնհայտ է, որ նման միջոցներ հնարավոր չէ ոչ մի տեղից գտնել: Կամ տնտեսվարող սուբյեկտները ստիպված կլինեն նվազեցնել գները կամ այդ սուբսիդավորումը պետք է արվի պետական բյուջեի հաշվին: Այսպես թե այնպես, բոլոր ծախսերը պետք  է սպառողը կատարի»,-պարզաբանել է տնտեսագետը:

Գազի գնի բարձրացումն, ի դեպ, սուբսիդավորում էին նաեւ նախկին իշխանությունները, ինչի համար սուր քննադատության էին արժանանում նախկին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի կողմից: Հենց այդ արատավոր պրակտիկայի շնորհիվ էր, որ կառավարությունը ստիպված եղավ իրեն պատկանող բաժնեմասի վերջին 20 տոկոսը վաճառել Ռւսաստանին:

Ստացվում է, որ այն միջոցները, որոնք պետք է ուղղվեն բնակչության անհամար սոցիալական եւ տնտեսական խնդիրների լուծմանը, կրկին հատկացվելու են գազի սակագնի սուբսիդավորմանը, ինչն ինչպես նախկինում, այնպես էլ այժմ անթույլատրելի է: