Հայաստանի մետալուրգիական ոլորտում արտադրությունը կրճատվել է 22,6 տոկոսով

Միայն նոյեմբերին արտադրվել է 819 տոննա ֆերոմոլիբդեն, ինչը 8 տոկոսով ավելի է հոկտեմբերի ցուցանիշից

Հայաստանի մետալուրգիական ոլորտում արտադրության ծավալը 2018 թվականի 11 ամիսների ընթացքում կրճատվել է 22,6 տոկոսով։ Համեմատության համար նշենք, որ 2017 թվականի 11 ամիսների ընթացքում այս ոլորտում արձանագրվել է 11,4 տոկոսի աճ։

Վիճակագրության կոմիտեի տվյալների համաձայն, 2018-ի 11 ամիսներին ֆերոմոլիբդենի արտադրությունը աճել է 7,6 տոկոսով եւ կազմել 6563 տոննա։ Միայն նոյեմբերին արտադրվել է 819 տոննա ֆերոմոլիբդեն, ինչը 8 տոկոսով ավելի է հոկտեմբերի ցուցանիշից։

Մոլիբդենի կոնցենտրատի արտադրությունը 2018-ի հունվար-նոյեմբերին ավելացել է 0,8 տոկոսով, ընդ որում միայն նոյեմբերին արձանագրվել է 14,2 տոկոսի անկում։

Սեւ պղնձի արտադրությունը այդ ժամակահատվածում կրճատվել է 18,5 տոկոսով՝ հասնելով 8831 տոննայի։ Պղնձի կոնցենտրատի արտադրությունը կրճատվել է 25,9 տոկոսով, իսկ միայն նոյեմբերին՝ 35,1 տոկոսով։

Ալյումինե փայլաթիթեղի արտադրությունը 11 ամիսների ընթացքում նվազել է 12 տոկոսով՝ կազմելով 26 714 տոննա, իսկ միայն նոյեմբերին նվազումը եղել է 8,9 տոկոս։

Պողպատե խողովակների արտադրությունը կրճատվել է 1,9 տոկոսով, իսկ նոյեմբերին՝ 12,1 տոկոսով։ Ցինկի կոնցենտրատի արտադրությունն ավելացել է 18,2 տոկոսով, իսկ միայն նոյեմբերին գրանցվել է 68,5 տոկոսի անկում։