Արդյո՞ք կարելի է դադարեցնել միջնորդության քննությունն աշխատանքային ժամն ավարտվելու հիմքով

«Ազատ մոտեցման տեղ կա»

«Միջնորդության քննարկման հատուկ օրենսդրական ընթացակարգ չկա։ Դատարանի հայեցողության վրա է մնում, կարող է և ժամը 18։00-ին ավարտել, կարող է և չավարտել։ Ազատ մոտեցման տեղ կա»,- ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ պատասխանելով Panorama.am-ի հարցին, թե արդյո՞ք օրենքով սահմանված է կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդության քննության կարգը, արդյո՞ք կարելի է դադարեցնել միջնորդության քննությունն աշխատանքային ժամն ավարտվելու հիմքով։

Տ. Աթանեսյանի խոսքով, որպես կանոն պրակտիկայում աշխատում են 1-2 նիստով ավարտել, արագ անել՝ հասկանալով, որ մարդ է, ազատազրկված է, բայց ոչինչ չի արգելում  դա անել մի քանի օր հետո, օրենսդրական սահմանափակումներ չկա։

Հիշեցնենք, որ նախօրեին քննվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն  այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ  պաշտպանական թիմի ներկայացրած միջնորդությունը։ Դատական նիստը հետաձգվել է, շարունակվելու է հունվարի 9-ին։ Պաշտպանական թիմի անդամ Արամ Օրբելյանը լրագրողներին ասել է, որ նիստը հետաձգել խնդրել է քննիչը՝ պատճառաբանելով, որ աշխատանքային ժամն ավարտվել է և ինքը շատ գործեր ունի և պետք է գնա։