Դավիթ Անանյանի պատասխանը Հրանտ Բագրատյանին

Դրանք բացարձակ ճշմարտություն չեն

«Ամեն գնով» բյուջեն լցնելու հրահանգ ստանալը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը լիրիկական շեղում է համարում։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ իրենց առջև խնդիր է դրված ողջ գործիքակազմի ծավալով ապահովել հարկային եկամուտները, և առավելապես՝ ստվերի հաշվին։

Դիտարկմանը, որ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարել է, որ հաշվի առնելով ՀՆԱ աճը և գնաճը, ՊԵԿ-ը 15 մլրդ պակաս է հավաքագրել և ստվերը ավելացել է, Դ.Անանյանը պատասխանեց, որ Հ.Բագրատյանը կատարել է որոշակի վերլուծություններ և նման տեսակետ է հայտնել։

«Ես կարող եմ այլ վերլուծություն անել և այլ տեսակետներ հայտնել, այսինքն՝ պնդել, որ ստվերը մեծացել է, այդտեղ վերջակետ դնել, այդքան էլ ճիշտ չի, և այդպիսի բան չի արել պարոն Բագրատյանը։ Նա բավականին խորքային տնտեսագետ է և գիտի, որ որոշակի մակրոտնտեսական ցուցանիշների վերլուծության արդյունքում ինքը կարող է այդպիսի հետևություններ անել, բայց դրանք բացարձակ ճշմարտություն չեն»,- ասաց Անանյանը: