Փաշինյանը՝ փակուղում, կամ՝ առերեսում իրականության հետ

Մանրամասներ

1

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան։ Սոչիում նախ տեղի կունենա վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, այնուհետև նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպումը:

Ռուսաստանը հուսով է, որ Սոչիի հանդիպումը հնարավորություն կտա շարժվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ։ Այդպիսի կարծիք է հայտնել այդ երկրի ԱԳՆ-ն:
Դժվար է ասել, թե ինչպիսի արդյունավետություն կունենա եռակողմ հանդիպումը, բայց երեկ դրան հաջորդել են բուռն իրադարձություններ Արցախում, որոնք չեն կարող առնվազն անուղղակի ազդեցություն չունենալ բանակցությունների վրա:

Արցախի խորհրդարանը երեկ դիմել է Ռուսաստանին` Արցախի ժողովրդի անվտանգությունն «ապահովելու հանձնառությունը շարունակելու խնդրանքով»: Արտահերթ նիստում միաձայն ընդունված հայտարարությամբ խորհրդարանը նաև առաջարկում է Մոսկվային այդ նպատակով ներդնել «քաղաքական և ռազմական լրացուցիչ մեխանիզմներ»։ Թե ինչ մեխանիզմների մասին է խոսքը, հայտարարությունը չի հստակեցնում:

Հայտարարելով, որ Արցախը երբեք չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում, Արցախի խորհրդարանականները նաև շեշտում են, որ Հայաստանի ոչ մի իշխանություն իրավունք չունի հրաժարվել Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու առաքելությունից կամ ընդունելի համարել որևէ փաստաթուղթ, որտեղ ինքնիշխան Արցախի գոյությունը կասկածի տակ կդրվի։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 30-ին հրավիրված արտահերթ նիստին զուգահեռ Ստեփանակերտի վերածննդի հրապարակում կայացել է մեծ հանրահավաք՝ շուրջ 40000 քաղաքացիների մասնակցությամբ:

Արցախի ԱԺ հայտարարությունը հաջորդեց «Վալդայի» ակումբում Վլադիմիր Պուտինի հայտարարությանը ու սկզբունքորեն «պատային» վիճակ առաջացրեց Նիկոլ Փաշինյանի համար, ով մինչև վերջին երկու օրերը, այսպես ասած, արևմտյան գծի մեջ էր ու նպատակային հակաքարոզչություն էր իրականացնում Ռուսաստանի դեմ:
Այնուամենայնիվ, Փաշինյանը Փաշինյան չէր լինի, եթե չդիմեր ակնհայտ մանիպուլյացիայի:

Մարդը գնում է բրյուսելյան(կամ ամերիկյան) գործընթացում Արցախի սուբեկտությունն իջեցնում է «էթնիկ հայերի» մակարդակի, ապա հայտարարում է, թե պատրաստ է Սոչիում ստորագրել փաստաթուղթ և ընդունել, որ ռուս խաղաղապահների ներկայությունը ԼՂ-ում անվերապահորեն երկարացվի 10-15-20 տարով: Եթե Փաշինյանը Վաշինգտոնում կամ Բրյուսելում(Պրահայում) բանակցային այնպիսի համատեքստի հետ համաձայնել է, որտեղ խոսվում է Ադրբեջանի կազմում ապրող «էթնիկ հայերի» մասին, ապա ինչպե՞ս է Սոչիում հասնելու ԼՂ սուբեկտության ճանաչմանը, ի՞նչ արգումենտով է Ալիևին համոզելու, որ ԼՂ սուբեկտության իջեցված նշաձողը դարձյալ պետք է բարձրացվի:

Մի խոսքով, Փաշինյանը Սոչի է գնում այն հույսով, որ Պուտինին կմերժի Ալիևը: Բայց սա էլ Փաշինյանի համար փրկօղակ չէ, որովհետև վաշինգտոնյան պլանին հակվելը ու ստրատեգիական կողմնորոշում փոխելը կարող է Հայաստանում իշխանափոխության առիթ դառնալ:

Վահրամ Բագրատյան

Նյութի աղբյուրը՝ mediahub.am