Եթե Չինաստանը ներխուժի, ԱՄՆ ուժերը կպաշտպանեն Թայվանը. Բայդեն

Մանրամասներ
ա

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ ԱՄՆ-ի ուժերը կպաշտպանեն Թայվանը չինական ներխուժման դեպքում, ինչը մինչ այժմ այդ հարցի վերաբերյալ իր ամենաբացահայտ հայտարարությունն է. գրում է Reuters-ը:

CBS 60 Minutes-ին տված հարցազրույցում Բայդենը հարցին, թե արդյոք ԱՄՆ-ի ուժերը կպաշտպանեն ժողովրդավարական ճանապարհով կառավարվող կղզին, որին հավակնում է Չինաստանը, պատասխանել է. «Այո, եթե իրականում աննախադեպ հարձակում լինի»:

Լրագրողն ԱՄՆ  նախագահին խնդրել է պարզաբանել, թե արդյոք նա նկատի ունի, որ ի տարբերություն Ուկրաինայի, ԱՄՆ-ի ուժերը՝ ամերիկացի տղամարդիկ և կանայք, կպաշտպանեն Թայվանը չինական ներխուժման դեպքում, Բայդենը պատասխանել է՝ այո:

Միևնույն ժամանակ Բայդենն ասել է. «Մենք համաձայն ենք այն ամենի հետ, ինչ ստորագրել ենք տարիներ առաջ, որ գոյություն ունի մեկ Չինաստանի քաղաքականություն, և որ Թայվանն ինքն է որոշում իր անկախությունը: Մենք չենք մղում կամ խրախուսում նրանց անկախանալ», - ասել է նախագահը՝ ի պատասխան հարցին, թե ինչ պետք է իմանա Չինաստանի ղեկավարը Թայվանի հետ ԱՄՆ համագործակցության մասին:

Իրավիճակը Թայվանի շուրջ սրվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի վերջին այցից հետո՝ նա դարձել է ամենաբարձրաստիճան ամերիկացի պաշտոնյան, որն այցելել է կղզի վերջին 25 տարում։ Սա, բնականաբար, առաջացրել է պաշտոնական Պեկինի զայրույթը: Արդյունքում՝ կղզի այցելելը խթանել է Թայվանի նեղուցում լարվածության նոր փուլ։ Չինական բանակը զորավարժություններ է անցկացնում Թայվանի ափերի մոտ, բացի այդ, Պեկինը պատժամիջոցներ է կիրառել Փելոսիի, նրա հարազատների և թայվանական երկու հիմնադրամների նկատմամբ և այլ միջոցներ է ձեռնարկել։ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը Փելոսիի այցի բոլոր բացասական հետևանքների պատասխանատվությունը դրել է Վաշինգտոնի և Թայպեյի վրա։ Չինաստանը չի ճանաչում Թայվանի ինքնիշխանությունը, այն համարում է իր նահանգը և կտրականապես դեմ է Թայպեյի և այլ երկրների պաշտոնյաների ու զինվորականների միջև ցանկացած շփումների։