Իսրայելի նախկին վարչապետ. «Իրանը վերածվում է միջուկային պետության. Թուրքիան էլ կարող է ընդօրինակել»

Մանրամասներ
ա

Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Բարաքը պնդել է, որ շատ շուտով Իրանը վերածվելու է միջուկային պետության և համոզմունք հայտնել, որ եթե միջուկային զենքի չտարածվելու մասին մասին պայմանագիրը չեղարկվի, Թուրքիան, Եգիպտոսը և Սաուդյան Արաբիան կարող են ընդօրինակել Իրանի մեթոդները։ Այս թեմայով Բարաքը հոդված է հրապարակել «Time» ամսագրում։

Բարաքը կոչ է արել ԱՄՆ-ին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Իսրայելին՝ Իրանի միջուկային ծրագրի դեմ սեփական ուժերով ռազմական հարձակում իրականացնելու համար։

Այս համատեքստում իսրայելցի գործիչը նշել է, որ Իսրայելն ու ԱՄՆ-ն համատեղ կարող են Իրանի կարևորագույն օբեկտների դեմ օպերացիա անել և դրանք ոչնչացնել։ 

«Սակայն, երբ Իրանը դե ֆակտո միջուկային պետություն դառնա, այդ օպերացիան չի կարող ազդել Իրանի միջուկային հզորության վրա»,- գրել է նա։ 

Նրա կարծիքով՝ Իրանի միջուկային ծրագիրը կարող է կասեցնել «պատերազմի սպառնալիք» պարունակող իրատեսական դիվանագիտական վերջնագիրը։ 

Էհուդ Բարաքը պնդում է, որ եթե Իրանը ձեռք բերի միջուկային լիարժեք կարողություն, Թեհրանի վարչակազմը կարող է գործել այնպես, ինչպես ցանկանում է, որպեսզի «հակամարտություն և անկայունություն» առաջացնի ողջ տարածաշրջանում։