Աղավնոյում տներ կան, որոնք ես անձամբ իմ ձեռքերով եմ կառուցել․ Հայրիկյան

Մանրամասները՝ տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

Աղավնոյում ապրում է ընդհանուր թվով 200 մարդ, 2 մարդու հարազատներից հեռանալն էլ ինձ համար ծանր է, հատկապես՝ այնտեղ տներ կան, որ ես անձամբ իմ ձեռքերով եմ կառուցել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը՝ անդրադառնալով Լաչինը շրջանցող նոր ճանապարհի կառուցմանը եւ դրա հետեւանքով,  հնարավոր է Աղավնոն եւս անցնի Ադրբեջանին:

«Եկեղեցու աստիճանները ես ինքս եմ կառուցել: Այնտեղ նաեւ պատմական խաչքարեր կան: Այսինքն՝ ինձ համար սա շատ ծանր կորուստ է, այն աստիճանի ծանր, որ վերջերս առաջարկեցին գնալ, մասնակցել մի միջոցառման, ասացի՝ չեմ կարող գնալ, նայել այն սարերին, որտեղ զինվորներս նահատակվել են ու հենց այնպես մի ողորմելի անշնորհքի քմահաճույքով կամ վախերի պատճառով այլեւս մերը չեն: Երբ դու ապրում ես վախերով, դու անընդհատ ունենալու ես կորուստներ»,-ասաց նա:

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, ԱԻՄ նախագահն ասաց. «Եթե Արցախի ապագայով մտահոգ լինեին ՀՀ իշխանությունները, իրենցից կախվածը կանեին: Դեռ 1990-ականներին Արցախն առանձնացվեց որպես առանձին հարց: 1990-ին ՀՀ գերագույն խորհուրդը բաղկացած էր նաեւ արցախցի պատգամավորներից: 10-ից ավելի պատգամավորներ ընտրված էին Արցախից: Աշխարհը դա համարում էր բնական: Հետո տեղի ունեցավ Հայաստանի անկախության հանրաքվեն, ու հանկարծ թույլ չտրվեց, որ դրան մասնակցեն արցախցիները: Մի այլ խեղկատակ հանրաքվե կազմակերպվեց Արցախում: Այսինքն այսպես կոչված, «միացում» կարգախոսով սկսված Արցախյան շարժումը Հայաստանի իշխանությունների կամքով դարձավ բաժանում, հեռացում: Եթե դու աշխարհին փորձում էիր համոզել, որ Արցախի ինքնորոշման կողմնակից ես, ինչո՞ւ էին դու ինքնորոշումը հասկանում միայն անկախություն:

Արցախի ճակատագրի վերաբերյալ ՀՀ իշխանությունների ամենավճռական փուլի անհրաժեշտ դրսեւորման բացակայությունը մեզ որեւէ հեռանկար չի թողնում կապելու սրանց հետ: Ցավոք, սրտի ընդդիմադիր դաշտում էլ շատ են այն ուժերը, որոնք ոչ թե միջազգային իրավունքի ու համաշխարհային հանրության հետ են կապում Արցախի ճակատագիրը, այլ կապում են 1-2 պետության քմահաճույքների հետ»:

Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակի ելքերին, Հայրիկյանն ասաց. «Բարեբախտաբար, մեր ձգտումները, երազները միջազգային իրավունքին ոչ միայն չեն հակասում, այլեւ անմիջականորեն կապված են դրա հետ: Մենք պետք է լինենք այնպիսի միջավայրում, որ միջազգային իրավունքը անմիջականորեն մեր առօրյայի մասը կազմած լիներ: Բայց մենք անողնաշար, անսկզբունք ղեկավարության դրսեւորումների հետեւանքով հայտնվեցինք ինչ-որ ԵԱՏՄ կոչվող կառույցում: Ձախողումները սկսվեցին, երբ հայտնվեցինք մի տեղ, որը դրական որեւէ արդյունք տալ չի կարող: Մենք մեր մենթալիտետով լինելով քրիստոնեական քաղաքակրթության միջավայրում, հանկարծ հայտնվեցինք մի միջավայրում, որտեղ ասում են՝ ուժն է ծնում իրավունք, այսինքն խուժանություն: «Ուժն է ծնում» բառերի կողիքն չի կարելի գրել «իրավունք» բառը: Մեր ապագան կապված է այն բանի հետ, որ լինենք քաղաքակիրթ աշխարհի հետ: Իսկ եթե մենք ընտրում ենք այլ միջավայր, ուրեմն՝ պետք է ընտրենք ուժը, իսկ ուժի դեմ միշտ մեկ այլ ուժ է լինում:

Հայաստանի խնդիրն այն է, որ մենք այդ քաղաքակրթական միջավայրից կտրվել ենք: Բարեբախտաբար ամբողջությամբ կտրված չենք: Տեսեք՝ Ադրբեջանն ուզում էր թաղել Մինսկի խումբը, որովհետեւ այդտեղից գալիս էր քաղաքակրթություն: Ադրբեջանին ընդառաջեց Ռուսաստանը, որովհետեւ ուժով հարցեր լուծելու կողմնակից է եւ մեզ հանգեցրեց այս անհեռանկար իրավիճակին: Այս միջավայրից հնարավորինս արագ դուրս գալու ձեւ պետք է գտնել»: