Կորոնավիրուսի հաջորդ ալիքներին պատրաստ ենք․ Անահիտ Ավանեսյան

Մանրամասներ
ա

Մշտադիտարկումն ամենօրյա ռեժիմով իրականացվում է, մենք պատրաստ ենք հաջորդ ալիքներին, եթե կովիդով պայմանավորված համաճարակային իրավիճակը սրվի, առողջապահության նախարարությունը պայքարի բոլոր գործիքակազմերն օգտագործելու է։ Լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Հայաստանում ներկայում շրջանառվում է կովիդի BA․5 տեսակը, որը օմիկրոնի ենթաշտամներից է։ «Մենք հասկանում ենք, որ կովիդը դառնում է այլևս էնդեմիկ հիվանդություն, և ժամանակ առ ժամանակ մենք ունենալու ենք բռնկումներ աշխարհի տարբեր հատվածներում։ Հիմա տուրիստական բավական բուռն շրջան է, մարդիկ ճամփորդում են, և, իհարկե, պետք է արդեն որերորդ անգամ Հայաստան ներթափանցեր վարակը։ Նկատում եք, որ վերջին շաբաթներին ամեն շաբաթ գրանցում ենք կովիդով հիվանդացության աճ, հիվանդանոցների մահճակալային ֆոնդի ծավալման մեր պլանը հստակ ունենք և պետք է շարժվենք ըստ համաճարակային իրավիճակի։ Մշտադիտարկումն ամենօրյա ռեժիմով իրականացվում է, մենք պատրաստ ենք հաջորդ ալիքներին։ Տեսնում ենք, որ այլ երկրներում շատ ավելի մեծ ալիք է այս պահին, բայց ճամփորդությունների սահմանափակումների մասով վերադարձ չկա, որովհետև մենք հասկանում ենք, որ բոլոր սահմանափակող միջոցառումները ժամանակավոր բնույթ կարող են կրել։ Եվ անընդհատ նույն շրջապտույտի մեջ դժվար է լինել։ Բայց բոլոր սահմանափակող միջոցառումները կախված են համաճարակային իրավիճակից, եթե համաճարակային իրավիճակը սրվի, մենք բոլոր գործիքակազմն օգտագործելու ենք՝ պայքարելու հիվանդության դեմ»,- ասել է նախարարը։