Ալիևն ընդունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ հատուկ ներկայացուցչին

Մանրամասներ
ա

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է minval.az-ը:

Հիշեցնենք, որ օրերս Խովաևը խորհրդակցություններ է անցկացրել Երևանում:

«Իգոր Խովաևի հիմնական խնդիրներից է ադրբեջանցի և հայ գործընկերներին աջակցել խաղաղության համաձայնագրի նախապատրաստման գործում։ Հատուկ ներկայացուցիչն արդեն ակտիվորեն միացել է աշխատանքին, օգտակար խորհրդակցություններ է անցկացրել Երևանում։ Համաձայնեցված է նրա այցը Բաքու, որը տեղի կունենա մոտ ապագայում», - ասել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա նշել էր, որ երկխոսությունը հիմնված է Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման համար Բաքվի առաջարկած հիմնարար սկզբունքների, ինչպես նաև այդ առաջարկներին Երևանի կառուցողական արձագանքի վրա։