Հենց Դոնբասի համար ճակատամարտը կորոշի ՌԴ-ի հետ պատերազմի ընթացքը. Զելենսկու գրասենյակի ղեկավար

Մանրամասներ
ա

Ռուսաստանի հետ պատերազմի ընթացքը կորոշվի Դոնբասի ճակատամարտով, ասել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։

«Հիմա Դոնբասի ճակատամարտն առանցքային է լինելու մեր Հայրենական պատերազմում: Մենք արդեն անցել ենք Կիևի, Խարկովի, Չեռնիգովի, Սումիի, Նիկոլաևի և շատ այլ մարտերով: Բանակը պահում է Մարիուպոլը: Բայց Ռուսաստանի հետ պատերազմի ընթացքը կորոշի հենց Դոնբասի համար ճակատամարտը»,- գրել է Էրմակը թելեգրամյան ալիքում:

Մինչդեռ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հինգշաբթի՝ ապրիլի 7-ին, Բրյուսելում ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ուկրաինական  և ռուսական զորքերիի միջև Դոնբասում սպասվող մարտերը կնմանվեն Երկրորդ համաշխարհային պատերազմի մարտերին։

«Դոնբասի համար ճակատամարտը ձեզ կհիշեցնի, ես դա ափսոսանքով եմ ասում, բայց դա ճիշտ է, այն ձեզ կհիշեցնի Երկրորդ համաշխարհային պատերազմը: Խոշոր գործողություններով, զորաշարժերով, հազարավոր տանկերի, զրահատեխնիկայի, ինքնաթիռների և հրետանու օգտագործմամբ: Սա Ռուսաստանի լոկալ գործողություն չի լինի՝ հաշվի առնելով, թե ինչպես է նա պատրաստվում դրան»,- ասել է Կուլեբան։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի փոխել իր հիմնական նպատակը՝ վերահսկողության տակ առնել Ուկրաինան, և հիմնական ուժերը տեղափոխում է Դոնբասը գրավելու համար։ Այս մասին նա ասել է Բրյուսելում նախարարների հանդիպումից հետո։

«Այս պատերազմին վերջ տալու ամենադյուրին ճանապարհն այն է, որ նախագահ Պուտինը դուրս բերի բոլոր զորքերը և լրջորեն դիվանագիտական ջանքեր գործադրի դիվանագիտական լուծում գտնելու համար:Բայց մենք պետք է իրատես լինենք, և որևէ նշան չկա, որ նախագահ Պուտինը փոխել է իր առաջնային նպատակը՝ վերահսկողության տակ առնել Ուկրաինան և մարտի դաշտում հասնել նշանակալի ռազմական հաղթանակների»,- ասել է Ստոլտենբերգը։

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն չի տեսնում ռուսական նահանջը, այլ միայն վերախմբավորում՝ փոխելով իրենց ուժերի դիրքերը, Ուկրաինայի հյուսիսից շարժվելով դեպի արևելք։

«Մենք մեծ ճակատամարտի ենք սպասում Դոնբասում, այդ իսկ պատճառով դաշնակիցներն այսօր նշել են Ուկրաինային լրացուցիչ օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությունը»,- ասել է Ստոլտենբերգը։