ԵԱՀԿ-ն պատրաստ է ուժեղացնել իր ներգրավվածությունը Հայաստանում և նոր ծրագրեր մշակել անվտանգության 3 հարթություններում

Մանրամասներ
ա

Այս տարածաշրջանում անվտանգության իրավիճակը մնում է անկայուն, այսօր Երևանում հրավիրած ասուլիսում ասաց ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուն։ «Մեկ անգամ ևս ես վերահաստատում եմ ԵԱՀԿ հանձառությունը՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար։ Իմ լրջագույն մտահոգությունն այն է, որ տարածաշրջանում անվտանգության իրավիճակը մնում է անկայուն։ Սա իմ ամենակարևոր ուղերձներից մեկն էր հյուրընկալներին։ Մեր բանակցությունները կենտրոնացած էին տարածաշրջանում տիրող իրավիճակի և Հայաստանում ու նրա հետ ԵԱՀԿ ներգրավվածության ընդլայման տարբերակների ուսումնասիրման վրա։ ԵԱՀԿ Լեհաստանի նախագահությունը վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը դյուրացնելուն ուղղված բոլոր նախաձեռնություններին։ Իրական երկխոսությունը չափազանց կարևոր է վստահության և դեէսկալացիայի առաջախաղացման համար։ Մենք վճռական ենք՝ դիմել ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին՝ բարեխղճորեն ներգրավվելու բանակցություններում՝ բոլոր առկա խնդիրների համապարփակ լուծմանը հասնելու համար։ Մենք հուսով ենք, որ կարող է առաջընթաց արձանագրվել, մասնավորապես, հրատապ հումանիտար հարցերում, ինչպիսիք են մնացյալ գերիների ազատումը, անհետ կորածների մասին տեղեկատվության փոխանակումը, ականազերծումը, ինչպես նաև պատմական ու մշակութային վայրերի պաշտպանությունը»,- ասաց նա։

Զբիգնև Ռաուի խոսքով՝ ԵԱՀԿ-ն պատրաստ է ուժեղացնել իր ներգրավվածությունը Հայաստանում և նրա հետ անվտանգության երեք հարթություններում նոր ծրագրեր մշակել։ Ընդլայնված տարածաշրջանում զարգացող իրավիճակը պահանջում է ակտիվորեն անդրադառնալ երկկողմ և տարածաշրջանային նախաձեռնություններին։