ԱՄՆ-ն, Մեծ յոթնյակն ու ԵՄ-ն կչեղարկեն «առևտրում առավելագույն բարենպաստ ռեժիմը» Ռուսաստանի համար. Բայդեն

Մանրամասներ
ա

Նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Մեծ յոթնյակի եւ ԵՄ-ի հետ մեկտեղ Ռուսաստանի համար «առեւտրում առավելագույն բարենպաստման ռեժիմը» չեղարկելու կոչ կանի:

Նրա խոսքով՝ այդ քայլը Ռուսաստանի նախագահին ավելի մեծ պատասխանատվություն կվերագրի Ուկրաինայի դեմ ագրեսիայի համար:

«Մեր երկրներից յուրաքանչյուրը կձեռնարկի քայլեր Ռուսաստանին «առեւտրում առավելագույն բարենպաստման ռեժիմից» զրկելու համար: Այդ ռեժիմը նշանակում է, որ երկու երկրները պայմանավորվել են միմյանց հետ առեւտրով զբաղվել լավագույն պայմաններով՝ ցածր սակագներ, փոքրաթիվ առեւտրային արգելքներ եւ առավելագույնս ընդլայնված ներկրում»,-ասել է Բայդենը:

«Միացյալ Նահանգներում մենք դա անվանում ենք մշտական նորմալ առեւտրային հարաբերություններ՝ PNTR, որի չեղարկումը Ռուսաստանի համար կդժվարացնի բիզնեսը Միացյալ Նահանգների եւ այլ երկրների հետ, որոնք կազմում են համաշխարհային տնտեսության կեսը, ինչը եւս մեկ կործանիչ հարված կլինի ռուսական տնտեսության համար, որն արդեն իսկ բավականին տուժել է մեր պատժամիջոցների հետեւանքով»:

Դրա համար անհրաժեշտ է Կոնգրեսի որոշումը:

Այդ քայլը եղել է առեւտրի ոլորտում բազմաթիվ նոր գործողություններից մեկը, որոնք, ինչպես ակնկալվում է, Բայդենի վարչակազմը կձեռնարկի Ռուսաստանի դեմ: Միացյալ Նահանգները նաեւ կարգելեն Ռուսաստանից ալկոհոլի ու ծովամթերքի ներկրումը, ինչպես օղին ու խավիարը, CNN-ին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը:

Ակնկալվում է, որ յուրաքանչյուր երկիրը կիրագործի այդ քայլը սեփական ազգային գործընթացների հիման վրա: Ակնկալվում է նաեւ, որ Կոնգրեսը կներկայացնի օրենքը Բայդենի հայտարարությունից հետո: