ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև անվտանգության երաշխիքների վերաբերյալ բանակցությունները սկսվում են հունվարի 9-ի երեկոյան՝ նեղ ձևաչափով. Զախարովա

Մանրամասներ

ա

Անվտանգության երաշխիքների հարցերով ռուս-ամերիկյան բանակցությունների առաջին փուլը Ժնևում նախատեսված է հունվարի 9-ի երեկոյան՝ նեղ կազմով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Վաղը այս աշխատանքը կշարունակվի ավելի լայն ձևաչափով։ Ըստ այդմ, նրանք երկու օր՝ հունվարի 9-ը և 10-ը, կհատկացնեն բանակցային գործընթացին: Մենք, ամենակարևորը, ունենք աշխատանքային տրամադրություն, աշխատանքային կեցվածք, իրողությունների ըմբռնում և անվտանգության կոնկրետ խնդիրներով իսկապես զբաղվելու ցանկություն։ Սա կլինի ռուս մասնագետների և ամերիկացի գործընկերների խոսակցություն... Մեր մասնագետներն այնտեղ են գնացել կոնկրետ աշխատանքներին մասնակցելու ցանկությամբ»,- ասել է նա։

Ռուսական պատվիրակությունը ժամանել է Ժնև՝ մասնակցելու ԱՄՆ-ի հետ անվտանգության երաշխիքների շուրջ բանակցություններին։ 

Միջգերատեսչական պատվիրակության կազմում են ՌԴ ԱԳՆ և ՊՆ ներկայացուցիչներ։ Ռուսական դիվանագիտական ծառայության կողմից այն գլխավորում է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Ամերիկյան դիվանագիտությունը կներկայացնի ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը։

Բանակցությունների հիմնական օրը նախատեսված է երկուշաբթի՝ հունվարի 10-ին։ Բայց, ինչպես և սպասվում էր, կողմերն այսօր երեկոյան կանցկացնեն հանդիպման «նախնական» մասը։

Ինչպես դեկտեմբերի 23-ին կայացած մամուլի ասուլիսում ասել է ՌԴ ղեկավարը, Մոսկվայի հետագա գործողությունները կախված կլինեն ոչ թե ԱՄՆ-ի հետ անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունների ընթացքից, այլ «այսօր և պատմական հեռանկարի համար» Ռուսաստանի անվտանգության անվերապահ ապահովումից։

Պուտինի խոսքով՝ այդ կապակցությամբ ռուսական կողմը «հստակ» հասկացրել է, որ «ՆԱՏՕ-ի հետագա տեղաշարժը դեպի արևելք անընդունելի է»։ Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը չէ, որ հրթիռներ է տեղակայում ԱՄՆ-ի սահմանների մոտ:

«ԱՄՆ-ն է իր հրթիռներով եկել մեր տուն, դրանք մեր տան շեմին են»,-ասել էր Պուտինը՝ հետաքրքրվելով, թե ինչպես կարձագանքեն ամերիկացիները, եթե Ռուսաստանը իր հրթիռները տեղակայի Մեքսիկայի կամ Կանադայի հետ ԱՄՆ-ի սահմանին։

Դեկտեմբերի 17-ին ՌԴ ԱԳՆ-ն շրջանառության մեջ է դրել ԱՄՆ-ի և Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից իրավական անվտանգության երաշխիքների տրամադրման վերաբերյալ ռուսական երկու փաստաթղթերի նախագիծ։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել ՆԱՏՕ-ին սկսել առարկայական բանակցություններ՝ նպատակ ունենալով Ռուսաստանին ապահովել անվտանգության հուսալի և երկարաժամկետ երաշխիքներ։ Նա պարզաբանել է, որ Մոսկվային հենց իրավական երաշխիքներն են պետք, քանի որ արևմտյան գործընկերները չեն կատարել իրենց համապատասխան բանավոր պարտավորությունները։