Լարված իրավիճակը չպետք է սրվի ոչ մի գործողությունով. Զախարովան՝ Փառուխի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի՝ շփման գիծը խախտելու մասին

Մանրամասներ

1

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի վերջին սադրանքի վերաբերյալ հարցին:

Ճեպազրույցի ընթացքում լրագրողը հիշեցրեց, որ մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը, հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է գնահատում եռակողմ հայտարարության նման խախտումը:

Զախարովան նախ նշեց, որ դա պետք է գնահատեն այնտեղ գտնվող խաղաղապահ ուժերը:

«Ես կրկնում եմ այսօր ասվածը՝ առանց այդ էլ լարված իրավիճակը չպետք է սրվի ոչ մի գործողությունով»,-նշեց նա:

Արցախի տեղեկատվական շտաբից ավելի վաղ հայտնել էին, որ մարտի 24-ին, ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Նշվել էր, որ Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը և նրանց վերադարձնել ելման դիրքեր: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ տարհանվել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք և երեխաները: