Արայիկ Հարությունյանն ընդունել է Արցախի պահեստազորի Սպաների միության անդամներին

Մանրամասներ

1

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է «Արցախի պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության մի խումբ անդամների։ Քննարկվել են զորացրված ու պաշտոնաթող սպաների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական խնդիրները, հատկապես արծարծվել են հանրապետության անվտանգությանը, ինչպես նաեւ ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր։

Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ Արցախի կարգավիճակի հարցում պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը միանշանակ է, եւ իրենք չենք շեղվելու անկախության ճանապարհից։ «Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ծանր պատերազմի հետեւանքով մենք մեծ կորուստներ ենք կրել, բայց վստահեցնում եմ, որ շարունակելու ենք պետականաշինության մեր աշխատանքը։

Համոզված եմ, որ մի օր աշխարհը հաշվի կնստի մեզ հետ, եւ մեր պայքարը, որը շարունակվում է արդեն մի քանի տասնամյակ, ցանկալի արդյունք կտա»,- ասել է նախագահը։ Հանդիպման ընթացքում նախագահը նշել է, որ 2022 թվականի հունվարի 1-ից Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ բոլոր զինվորական թոշակառուների կենսաթոշակները կբարձրացվեն 25 000 դրամով։

Իշխանությունների ուշադրության կենտրոնում է նաեւ գործող եւ թոշակի անցած սպաների բնակարանային հարցը, որը նախատեսվում է ամբողջությամբ լուծել մինչեւ 2023 թվականը։