Ժամանակին Նիկոլ Փաշինյանն այս ամենի դեմ սոցիալական բունտեր էր կազմակերպում. Վարչապետի խոսուն լռությունը

Մանրամասներ

ա

Երբ բենզինի ու դիզելային վառելանյութի գները Հայաստանում նվազում էին, Նիկոլ Փաշինյանը դա ներկայացնում էր՝ որպես իշխանության ձեռքբերում։ Վերջին մեկ տարում բենզինն ու դիզելը գրեթե կրկնակի թանկացել են, իսկ նա լռում է։ Թեև այդ լռությունը շատ խոսուն է. եթե համարենք, որ այն ժամանակ գների նվազումը իշխանությունների ձեռքբերումն էր, նույն տրամաբանությամբ՝ թանկացումն էլ ձախողումն է։ Այս մասին գրում է 168.am-ը:

Ըստ կայքի, իհարկե, ամեն ինչ այդքան պրիմիտիվ չէ, ինչպես երբեմն փորձում են ներկայացնել։

Այն ժամանակ էլ բենզինի ու դիզելի գների նվազումն իշխանությունների ձեռքբերումը չէր։ Պարզապես համաշխարհային տնտեսությունը հայտնվել էր ճգնաժամի մեջ, համատարած սահմանափակումներ էին, տնտեսական ակտիվությունը նվազել էր, մեծապես կրճատվել էր վառելիքի պահանջարկը՝ հանգեցնելով միջազգային գների կտրուկ նվազման։

Դրա հետևանք էր նաև Հայաստանում գների իջեցումը։ Բայց Նիկոլ Փաշինյանը Նիկոլ Փաշինյանը չէր լինի, եթե այդ առիթը ձեռքից բաց թողներ։

«Մրցակցության ավելացումը՝ մի կողմից, և վառելիքի գների համաշխարհային միտումները՝ մյուս կողմից, իրենց ազդեցությունն են ունեցել Հայաստանում նավթամթերքի գների նվազման վրա․ 2018 թվականի մայիսի դրությամբ դիզելային վառելիքի գինը եղել է 470 դրամ, իսկ 2020 թվականի մայիսին՝ 300 դրամ։ Մեկ տարվա ընթացքում մոտ 38 տոկոսով նվազել է նաև բենզինի գինը՝ 420 դրամից նվազելով մինչև 280 դրամ»,- իր հրապարակած 100 փաստերում անցած տարվա մայիսին հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը։

Այն ժամանակ գուցե քչերն էին գիտակցում, որ վառելանյութի գների նվազումն իշխանությունների հետ կապ չունի։ Այժմ, երբ գները ռեկորդային բարձրացել են, դա ավելի հեշտ է հասկանալ։

Սա բացարձակ ռեկորդ է, որը նախկինում չի արձանագրվել։ Նախկինում բենզինի գինը Հայաստանում 500 դրամից չի անցել։ Այնինչ՝ հիմա նվազագույնը 520 դրամ է։ Առանձին տեսակների դեպքում հասնում է նույնիսկ 600-ի։

Վերջին անգամ բենզինը թանկացավ միանգամից 20 դրամով։ Նախկինում թանկանում էր հիմնականում 10-ական դրամով։ Թեև դա այնքան հաճախ էր տեղի ունենում, որ վերջին մեկ տարվա ընթացքում՝ ինչպես բենզինի, այնպես էլ՝ դիզելի գները գրեթե կրկնապատկվել են։

Անցած տարի Հայաստանում ամենահաճախ օգտագործվող բենզինի 2 հիմնական տեսակները վաճառվում էին 280-300 դրամով։ Հիմա գինը հասել է 520-540 դրամի։ Տարբերությունը 240-260 դրամ է։

Այսպիսի ռեկորդային թանկացում Հայաստանում չէր եղել նույնիսկ այն իշխանությունների օրոք, որոնց ժամանակին Նիկոլ Փաշինյանը մեղադրում էր բենզինի շուկան մեջ-մեջ անելու, արհեստական բարձր գներ սահմանելու, գերշահույթներ ստանալու համար։ Դժվար չէ պատկերացնել, թե հիմա ինչեր պիտի ասեր, եթե նախկինները լինեին իշխանության։ Բայց քանի որ նախկինները չեն, լռում է։

Հիմա բոլոր թանկացումները, պարզվում է, իրենց պատճառներն ունեն, և դրանում իշխանությունները բացարձակ մեղավոր չեն։ Սննդամթերքը թանկացել է՝ միջազգային գներն են մեղավոր, գյուղմթերքը թանկացել է՝ միջազգային գներն են մեղավոր, ոչ պարենային ապրանքները թանկացել են՝ միջազգային գներն են մեղավոր, բենզինն ու դիզելը թանկացել է՝ միջազգային գներն են մեղավոր։ Ամեն ինչում մեղավորներ կան, բացի իրենցից։

Բենզինի հերթական թանկացումից հետո Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հայտարարեց վառելանյութի շուկայում ուսումնասիրություններ իրականացնելու նախաձեռնության մասին։ Վերջին անգամ այս շուկայում կատարված ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են այս տարվա սկզբին։ Հանձնաժողովը գցել-բռնել էր ու եկել այն եզրակացության, որ տարեսկզբից սկսված թանկացումը լիարժեք պատճառաբանված է։

«Ուսումնասիրության շրջանակներում դիտարկված գործընթացների և ձեռք բերված փաստերի վերլուծության և համադրության արդյունքում տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության հնարավոր խախտման հատկանիշներ չեն հայտնաբերվել, իսկ արձանագրված գնային փոփոխությունները դիտարկված ժամանակահատվածում պայմանավորված են եղել սույն ուսումնասիրությամբ ներկայացված ներքին և արտաքին օբյեկտիվ մի շարք շուկայական գործընթացներով»,- արձանագրել էր Հանձնաժողովը։

Որպես գների բարձրացման վրա ազդող օբյեկտիվ գործոններ՝ նշվել էին վառելանյութի ձեռքբերման թանկացումն ու ազգային արժույթի թուլացումը։

Դրանք գործոններ են, որոնք, բնականաբար, ազդում են գների վրա։ Շատ վաղուց այդ գործոններից մեկը վերացել է։ Խոսքը մասնավորապես՝ ազգային արժույթի գնի մասին է։ Տարեսկզբին դոլարի փոխարժեքը մի պահ հասել էր ընդհուպ 530 դրամի։ Հետո այն նվազեց ու սկսեց տատանվել 485 դրամի սահմաններում։ Վերջին շրջանում նույնիսկ ավելի ցածր է։

Դրամի թուլացումը, որը Հանձնաժողովի դիտարկումներով՝ դարձել էր բենզինի ու դիզելի թանկացման հիմնական պատճառներից մեկը, ուժեղացումից հետո որևէ կերպ չարտահայտվեց գների վրա։ Դրանք ոչ միայն չնվազեցին, այլև շարունակեցին բարձրանալ։ Առաջիկայում էլ բարձրանալու են։

Հանձնաժողովի ուսումնասիրությունները, բնականաբար, ոչինչ չեն բացահայտելու նաև այս անգամ։ Հանձնաժողովը, չնայած արտաքուստ անկախ է, այնուհանդերձ, ինչպես եղել, այնպես էլ մնացել է իշխանության կցորդ, որը, ըստ էության, ոչ մի էական խնդիր չի լուծում։ Տնտեսական մրցակցության հետ կապված առերևույթ թվացող խնդիրները բացահայտելու փոխարեն, այն դարձել է մի կառույց, որն ավելի շատ զբաղված է գների բարձրացումներն արդարացնելով ու հիմնավորումներ փնտրելով։

Խոսում են վառելանյութի շուկայի մասնակիցների քանակի ավելացման, մրցակցության մեծացման մասին, բայց մոռանում են, որ մասնակիցների ավելացումը ոչ միշտ է բերում մրցակցության բարելավման։ Հատկապես, երբ շուկայում նոր արտոնյալներ են հայտնվում՝ իրենց անհասկանալի գնային քաղաքականությամբ։ Ու այդ արտոնյալներն իշխանություններին մոտ կանգնած օլիգարխներն են, որոնք տարբեր ձևերով փորձում են իրենց բաժինը խլել շուկայի մյուս մասնակիցներից։

Այդպիսի մասնակիցները շուկայում մրցակցություն չեն խորացնում։ Դրա արդյունքում գներն ինչ-որ պահի գուցե իջնեն, բայց հետո ավելի արագ ու կտրուկ են բարձրանալու։

Որքան էլ ընդունենք, որ դրսում վառելանյութի գները բարձրանում են, միևնույն է, ներքին թանկացումները միայն դրա հետևանք չեն։ Ներքին թանկացումները նաև ներքին գործոնների հետ են կապված, որոնք, սակայն, հիմնականում մնում են ստվերում։ Թեև կան նաև առերևույթ պատճառներ. դրանցից մեկն էլ իշխանությունների իրականացրած հարկային քաղաքականությունն է ու հարկային բեռի ավելացումը, որն առաջիկայում շարունակվելու է։

Սրա մասին էլ Նիկոլ Փաշինյանը հիմա չի խոսում, բայց ժամանակին սոցիալական բունտեր էր փորձում կազմակերպել, առաջարկում էր նվազեցնել վառելանյութի, այդ թվում՝ ինչպես բենզինի ու դիզելի, այնպես էլ՝ հեղուկ գազի ակցիզային հարկը, քանի որ այն մեծապես հարվածում է սպառողների գրպանին։ Այսօր այդ հարվածը շատ ավելի մեծ է ու շատ ավելի ծանր, և ոչ միայն վառելանյութի շուկայից եկող։ Բայց Նիկոլ Փաշինյանը յոթ սարի հետևում է՝ ո՛չ տեսնում է, ո՛չ լսում։