Ալիևյան ռեժիմը 20 տարում մինչև 250 մլրդ դոլար եկամուտ է ունեցել

Մանրամասներ

ա

Ադրբեջանում իշխող ալիևյան ռեժիմին, ի դեմս նախագահ Հեյդար Ալիևի և նրան հաջորդած Իլհամ Ալիևի, այդպես էլ չի հաջողվել կառուցել «երկրորդ Քուվեյթ»՝ չնայած տված խոստումներին և նավթագազային ռեսուրսներից ստացված հսկայական եկամուտներին, որոնք պաշտոնական տվյալներով վերջին 20 տարվա ընթացքում կազմել են մոտ 157 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ մինչև 250 մլրդ ԱՄՆ դոլար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին Կովկասի ինստիտուտի կազմակերպած «Կովկասը XXI դարում» միջազգային գիտաժողովի ընթացքում ասել է ադրբեջանցի հայտնի քաղաքագետ և կոնֆլիկտաբան, նախկին քաղբանտարկյալ, Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի կոնֆլիկտաբանության և միգրացիայի բաժնի վարիչ Արիֆ Յունուսովը՝ Ամստերդամից հեռավար կապով ներկայացնելով իր «Նավթից և իշխանությունից քշվածները. Ադրբեջանի 20 տարին» խորագրով զեկույցը:

«Դեռևս խորհրդային տարիներից Ադրբեջանը ավանդաբար ասոցացվում էր նավթի հետ, և հենց նավթը դարձավ Ադրբեջանի բնակչության հույսերի խորհրդանիշը 1980-ականների վերջին – 1990-ականների սկզբին, երբ քանդվում և քայքայվում էր ամեն ինչ, երբ փլուզվեց Խորհրդային Միությունը, Ղարաբաղում պատերազմ էր, տնտեսական սարսափելի վիճակ էր: Հենց նավթն էր Ադրբեջանի այդ ծանր վիճակից դուրս գալու հույսն ու երազանքը», - հիշեց Արիֆ Յունուսովը:

Զեկուցողի խոսքով՝ 1993 թվականին նավթը օգնել է նաև Հեյդար Ալիևին գալու իշխանության:

«Համարվում է, որ նա ոչ միայն կանգնեցրեց պատերազմը, կասեցրեց երկրի փլուզումը, այլև խոստացավ, որ նավթի օգնությամբ և 1994 թվականին ստորագրված «դարի գործարքի» շնորհիվ Ադրբեջանը կվերածվի «երկրորդ Քուվեյթի», և նավթադոլարները հնարավորություն կտան Ադրբեջանին լուծելու բոլոր խնդիրները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հարցը», - մեկնաբանեց Յունուսովը՝ հավելելով, որ այդ «հույսը» հաշվի առնելով՝ ադրբեջանցիները շատ բաների վրա աչք են փակել, օրինակ՝ այն բանի վրա, որ Ալիևը ավտորիտար պետություն է կառուցում, կոռուպցիայով է զբաղվում և այլն:

Ինչ վերաբերում է Հեյդար Ալիևի իշխանության ժառանգորդին՝ Իլհամ Ալիևին, Յունուսովի խոսքով՝ Ադրբեջանի հաջորդ նախագահը, ի տարբերություն իր հոր, ուներ «անվտանգության բարձիկ»՝ շնորհիվ էներգառեսուրսներից ստացված եկամուտներից:

Արիֆ Յունուսովի ասելով՝ Ադրբեջանը, ըստ պաշտոնական տվյալների, վերջին 20 տարվա ընթացքում էներգառեսուրսների՝ նավթի և գազի վաճառքից մոտ 157 մլրդ ԱՄՆ դոլարի եկամուտ է ունեցել: Ըստ որում՝ 153 մլրդ դոլարը գոյացել է 2001 թ. - 2021 թ. սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում վաճառված նավթից, իսկ մնացած չորս միլիարդը՝ 2007 թ. – 2021 թ. սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում վաճառված բնական գազից:

«Սրանք պաշտոնական տվյալներն են, որոնց չի կարելի հավատալ, հատկապես երբ խոսքը էներգառեսուրսների վաճառքից ստացված գումարների մասին է: Ադրբեջանում դեռ Հեյդար Ալիևի ժամանակներից վիճակագրական տվյալներում նավթի վաճառքի մի մասը թաքցնում էին: Օրինակ, եթե արդյունահանում էին 11 մլն տոննա նավթ՝ ցույց էին տալիս 9 միլիոնը, իսկ մնացած 2 մլն տոննայի վաճառքից ստացված եկամուտը գնում էր ընտանիքի գրպանը», - նշեց ադրբեջանցի փորձագետը՝ հավելելով, որ Իլհամ Ալիևի օրոք այդ համակարգը ոչ միայն պահպանվել է, այլև ավելի մեծ թափ և մասշտաբներ են ստացել: