Սաակաշվիլիի շուրջ ստեղծված աղմուկը խաթարում է նախընտրական մթնոլորտը․ Զուրաբիշվիլի

Մանրամասներ

ա

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդես է եկել հայտարարությամբ և ասել, որ վաղը՝ հոկտեմբերի 2-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները բաց, արդար և ազատ միջավայրում անցկացվելու համար այժմ երկրին ամենից շատ հանգիստ է պետք: Հայտնում է Aliq Media-ն։

Ըստ նրա՝ կառավարության պարտականությունն է ճնշել նախընտրական լարվածություն և ապակայունացում դրդողների բոլոր փորձերն ու թույլ չտալ բևեռացում:

«Խաղաղ և ազատ ընտրական միջավայրի պահպանման պատասխանատվությունը կառավարության վրա է: Վստահ եմ, որ հասարակությունը չի գնա ապակառուցողական ճանապարհով գնացող որևէ կուսակցության հետևից, քանի որ մեր հասարակությունը քաջատեղյակ է, թե ուր կարող է տանել բևեռացումը»,- ասել է Զուրաբիշվիլին:

Զուրաբիշվիլին արձագանքել է նաև Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարությանը, որտեղ Վրաստանի երրորդ նախագահն ասում է, թե ինքը Վրաստանում է: Զուրաբիշվիլին նշել է, որ ճիշտ կամ կեղծ լինելու դեպքում, միևնույն է, այս հարցը խաթարում է նախընտրական մթնոլորտը:

Հիշեցնենք՝ այսօր առավոտյան Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ գտնվում է Վրաստանում: Դրանից հետո նա հրապարակել էր մի քանի տեսանյութ՝ նշելով, որ Բաթումի ֆոնին է:

Սակայն ներքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Միխեիլ Սաակաշվիլին չի հատել Վրաստանի սահմանը: