Էրդողանը գործի անցավ 2001թ-ից․ Հայաստանից ուսանողներ ու լրագրողներ գնացին Թուրքիա, սկսեցին ասել՝ դե, 100 տարի առաջ մի բան է՝ պատահել է, պետք է մոռանանք

Մանրամասներ

1

Կովկասի և Թուրքիայի հարցերով փորձագետ, Թեհրանի Հայ Դատի hանձնախմբի նախագահ Իսակ Յունանեսյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում նշեց, որ որևէ դրական ազդակ չի տեսել Թուրքիայից.

«2001թվականից, երբ Էրդողանի կուսակցությունն անցավ գործի, մենք անտեսեցինք Թուրքիայի քաղաքականությունը, ինչը Հայաստանի նկատմամբ 2001թ. հստակ որոշումով եղավ, և նրանք Արցախի, Ցեղասպանության վերաբերյալ մեր հոգեբանությունն ուսումնասիրեցին: Եթե նկատեք՝ հենց այդ ժամանակից էլ Հայաստանից ուսանողներ, լրագրողներ գնացին Թուրքիա, սկսեցին ասել՝ դե, 100 տարի առաջ մի բան է՝ պատահել է, պետք է մոռանանք»:

Իսակ Յունանեսյանը անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի կողմից հայկական տեղանունների ադրբեջանական անվանումների հնչեցմանը. «Երբ այդ ժամանակ Ադրբեջանը փակեց Գորիս-Կապան ճանապարհը, մենք մեր ծանոթ պարսիկ լրագրողներին խնդրեցինք իրենց լրատվամիջոցներում գրել այդ մասին: Խեղճերը պատրաստեցին, որ՝ մենք դատապարտում ենք ճանապարհը փակ պահելը, հետո սպասում էի, որ արդեն նյութերը կտարածվեն, կես ժամ անց ինձ զանգեցին, ասացին՝ պարոն Յունանեսյան, Դուք ձեր կառավարության նիստին հետևո՞ւմ եք, ձեր վարչապետը այդ տարածքները ադրբեջաներեն անվանումներով է կոչում, մենք ինչո՞ւ վատամարդ դուրս գանք, և չհրապարակեցին դատապարտման լուրը»:

Նա ընդգծեց, որ թեպետ Հայաստանի իշխանությունները խոսում են ապաշրջափակման մասին, բայց Թուրքիայի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու դեպքում Հայաստանը շրջափակվելու է թուրքերով. «Քիչ-քիչ դառնալու ենք եզդիների և քրդերի նման մի ազգ, որ անընդհատ սարերում, ձորերում պետք է պայքարի մեջ լինի թուրքերի հետ»:

Նա նշեց, որ իրանահայ համայնքում էլ շատ են մարդիկ, որ հետևում են լուրերին և մտահոգված են Հայաստանում կատարվող իրադարձություններով. «3 տարի առաջ շատ մարդիկ կային, որ ցանկանում էին տեղափոխվել Հայաստան՝ մշտական բնակության, բայց մի մասը եկան, մի մասը չեկան, հիմա Հայաստանում գտնվող հատվածն ասում է՝ եթե նույնը շարունակվի, կվերադառնան Իրան կամ կմեկնեն ԱՄՆ: Բայց կա հատված էլ, որ ընդհանրապես անտարբեր է, ինչպես Հայաստանում կամ առհասարակ Սփյուռքում:

Դժբախտաբար, այս վերջերս սևի ու սպիտակի բաժանումը, պառակտումը Սփյուռքում էլ են փորձում անել: Հայաստանի նախորդ խորհրդարանի որոշ պատգամավորներ, որ այս խորհրդարանից արդեն դուրս են մնացել, կարծես գործուղվել են Սփյուռքում պառակտում ստեղծելու: Իրանում պառակտում ստեղծելու կորիզներ են փնտրում՝ իրանահայության մեջ, ինչը ցավալի է: Նպատակը Սփյուռքին սառեցնելն է այն ամենից, ինչ կատարվում է Հայաստանում»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում