Ե՞րբ, ինչպե՞ս և ո՞վ է թշնամուն հանելու Հայաստանի տարածքից

Մանրամասներ

1

Ադրբեջանի նախագահը հերթական անգամ հայտարարել է, թե «չկա Ղարաբաղ, հակամարտությունը լուծված է»՝ ընդգծելով, որ Հայաստանում ռևանշիզմի գնալու գաղափարներն իրենց համար անընդունելի են։

«Մենք քննարկել ենք տարածաշրջանում հետպատերազմյան իրավիճակը, այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցքը» և հակամարտությունից հետո ընկած ժամանակահատվածը։ Մենք՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը, մոտեցումների շուրջ տարաձայնություններ չունենք․ մենք կարծում ենք, որ պատերազմն ավարտվել է, հակամարտությունն ավարտված է»,- ասել է նա։

Նա նաև ասել է, որ Ադրբեջանը կշարունակի ամրապնդել իր դիրքերը Հայաստանի հետ սահմանին:

«Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Երևան կատարած այցի ժամանակ սահմանամերձ տարածքները վիճելի է անվանել։ Ճիշտն ասած՝ համաձայն չեմ այդ արտահայտության հետ, քանի որ այդ տարածքները մերն ենք համարում։ Ես համարում եմ, որ դրանք Զանգեզուրի տարածքներն են, իսկ Զանգեզուրը մեր նախնիների հայրենիքն է, և մենք մեր սեփական հողի վրա ենք գտնվում»,- շեշտել է Ալիևը։

Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանն անդրադառնալով Ալիևի հերթական հայտարարություններին, նկատեց՝ Ալիևն արձանագրում ու ասում է  այն, ինչ ՀՀ իշխանությունները հանդուրժել են և ստեղծել  այնպիսի բարենպաստ պայմաններ, որպեսզի դա տեղի ունենա։

«Որևէ նոր բան տեղի չի ունեցել, մարդը 2018 թվականից ի վեր այդ բաներն ասել է, իսկ 2020 թվականի վերջերից՝ սկսել իրականացնել։ Ըստ ՌԴ նախագահի, խոսքը վերաբերում է  ոչ թե «միջանցքի» ստեղծմանը, այլ ճանապարհների ապաշրջափակմանը, բայց քանի որ այս իրավիճակում որևէ մեկը վստահելի չէ՝ հայկական, ռուսական և ադրբեջանական կողմերը, ապա չեմ կարող ասել, թե ինչ է կատարվում այդ հատվածում, և ճիշտ կլինի՝ այս ամենի հետ կապված հարցերին պատասխանեն պատկան մարմինները։ Հիմա ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ բոլոր կողմերը ստում են, մանիպուլյացնում և փորձում են այս պղտոր ջրում իրենց ձուկը որսալ, բայց գիտեմ մի բան, որ Ալիևն արդեն ինչ ասում է՝ ասում է  հայկական կողմի տոտալ լռության ու համաձայնության ներքո»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արմինե Ադիբեկյանը։

Ինչ վերաբերում է թշնամու ներկայությանը ՀՀ տարածքում, և ՀՀ արտգործնախարարի պարտականություննեը կատարող Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, թե հարցը լուծելու համար կօգտագործեն ամբողջ գործիքակազմը, Արմինե Ադիբեկյանն ասաց, որ այստեղ երեք հարց է առաջանում՝ ե՞րբ, ինչպե՞ս և ո՞վ է թշնամուն հանելու Հայաստանի տարածքից։

«Արմեն Գրիգորյանը՝ լինելով Անվտանգության խորհրդի քարտուղար, բաց է թողել պատերազմի սկիզբը, իսկ պատերազմի ժամանակ տոտալ որևէ բանով չեն զբաղվել, քար լռություն են պահպանել։ Ինքս անձնապես գիտեմ, որ Անվտանգության խորհրդի աշխատակիցներն առավոտյան գնում էին աշխատանքի, իսկ 18։00-ին՝ լքում աշխատավայրը, այդ ընթացքում չմոռանալով «պերերիվ» անել, այսինքն՝ նրանք բացարձակապես որևէ բան չեն արել։ Հիմա եթե Արմեն Գրիգորյանը կարող է ինչ-որ ձևով մեր տարածքից հանել թշնամուն, ապա ես պետք է նրան հիասթափեցնեմ։ Նա այն գործիչը չէ, որը կկարողանա գոնե պատասխանել Ալիևի անհեթեթություններին»,- հավելեց փորձագետը։

Նրա համոզմամբ՝ Արմեն Գրիգորյանն Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հետ կբանակցի այնպես, ինչպես Ալիևի հետ բանակցում էր Նիկոլ Փաշինյանը, Բայրամովը նրան ինչ թուղթ տա, նա հանգիստ կստորագրի, քանի որ «Արմեն Գրիգորյանի նման ապիկար նաև Նիկոլ Փաշինյանն է»։ Նրանք երկուսն էլ, ըստ նրա՝ բացարձակապես տեղեկություն ու գաղափար չունեն, թե ինչ բան է արտաքին քաղաքականությունը, ազգային անվտանգությունն ու պետականությունը։

168․am