Թուրքիան հաստատել է իր աջակցությունը հրադադարի մասին եռակողմ համաձայնագրերին․ Լավրով

Մանրամասներ

Թուրքիան վերահաստատել է իր աջակցությունը Ղարաբաղում հրադադարի ռեժիմի եռակողմ համաձայնագրերին: Այս մասին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին:

Պատասխանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը փոխելու հնարավորության մասին հարցին` ՌԴ արտգործնախարարը հիշեցրել է, որ վերջին փաստաթուղթը` համատեղ հայտարարությունը, ընդգծում է ձեւաչափի անփոփոխությունը: Մինսկի խումբը երկրների բավականին մեծ խումբ է, բայց այն միջնորդական լիազորությունները փոխանցել է երեք համանախագահներին` Ռուսաստանին, ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային: Համաշխարհային մայրաքաղաքներից վերջին օրերին արված բոլոր հայտարարությունները հաստատում են հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատին:

Ռուս նախարարը նշել է, որ Մոսկվայում Հայաստանի արտգործնախարարի եւ միջնորդների հետ հանդիպումներ տեղի կունենան: Այս կապակցությամբ նա հիշեցրել է, որ Ժնեւում անցյալ շաբաթ այդպիսի հանդիպումներ են անցկացվել Ադրբեջանի արտգործնախարարի հետ:

Սերգեյ Լավրովը արձանագրել է, որ Ադրբեջանի նախագահը ողջունել է Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները: Նախարարի խոսքով` ինքը կապ է հաստատել իր թուրք գործընկեր Մեվլութ Չավուշօղլուի հետ, իսկ կիրակի օրը հեռախոսազրույցի ընթացքում թուրք նախարարը հաստատել է իր աջակցությունը համաձայնագրերին: Այժմ, նշել է Լավրովը, անհրաժեշտ է դրանք կյանքի կոչել: