Դուրս եկեք և շրջեք քաղաքով. Խաժակյանի կոչը՝ Երևանի քաղաքապետին

Վարչապետը աշխատանքի մեջ է, ԱԺ-ն երեկ նիստ գումարեց, կառավարության օպերատիվ շտաբն աշխատում է, և այս ամենից կտրված է քաղաքապետը
Հայկ մարության խաժակյան

Այս մեկուսացված վիաճակը հարիր չէ մայրաքաղաքի այն քաղաքապետին, որն այդքան վստահության քվե էր ստացել: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով երկրում արտակարգ իրավիճակ և սպասվող ավագանու նիստի վերաբերյալ քաղաքապետ Հայկ Մարությանի լռությանը:

Խաժակյանը հիշեցրեց, որ երեկ քաղաքապետը տեսաուղերձ հրապարակեց քաղաքապետարանից, սակայն դրանից առաջ հրաժարվել է հանդիպել ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարների հետ: Նա նաև հիշեցրեց, որ մարտի 19-ին պետք է Երևանի ավագանու նիստը տեղի ունենար, որի ժամանակ պետք է քննարկվեր բյուջեի կատարողականը, սակայն քաղաքապետը կրկին համապատասխան քայլեր չի ձեռնարկել:

«Հիմա մեզանից գրավոր է կարծիք հարցնում՝ մարտի 19-ի նիստը հետաձգվի, թե ոչ: Ես՝ և՛ քաղաքապետի առաջին տեղակալի միջոցով, և՛ քաղաքապետին անձամբ ասել եմ, որ այդ հարցը քննարկման անհրաժեշտություն ունի, իհարկե, գրավոր էլ այդ հարցը կբարձրաձայնենք, բայց տպավորություն է, որ քաղաքապետը խուսափում է հանդիպումներից»,-ասաց ավագանու անդամը:

«Իհարկե, ես կարող եմ հասկանալ, որ այսպիսի համաճարակային իրավիճակում ցանկացած մարդ խուսափում է առերես շփումներից, բայց վարչապետը աշխատանքի մեջ է, ԱԺ-ն երեկ նիստ գումարեց, Կառավարության օպերատիվ շտաբն աշխատում է, և այս ամենից կտրված է քաղաքապետը:

Առնվազն տարօրինակ էր, որ քաղաքապետը անգամ Կառավարության նիստին ներկա չէր»,- դիտարկեց նա:

Խաժակյանը, լրատվության միջոցով քաղաքապետին, կոչ արեց դուրս գալ և շրջել քաղաքով, որպեսզի տեսնի, թե ինչպես է ախտահանվում, օրինակ՝ տրանսպորտը, թե պոլիկլինիկաներում ինչ վիճակ է: Նրա խոսքով՝ համայնքապատկան է նաև շտապօգնության ծառայությունը, և քաղաքապետը պետք է անձամբ գնար և քաջալերեր աշխատակիցներին: «Կան գործողություններ, որոնք քաղաքապետը պետք է իրականացներ, բայց ինչ-որ վախերից ելնելով՝ լռում է»:

Հարցին, թե արդյո՞ք սա կարող է հիմք հանդիսանալ կարծելու, թե քաղաքապետը կրկին թաքուն արձակուրդ է վերցրել, Խաժակյանը պատասխանեց, որ հավանական է, քանզի փորձը ցույց է տվել, որ քաղաքապետի մոտ ստացվում է՝ փաստաթղթերն այնպես ձևակերպել, թե իբրև արձակուրդում է գտնվում:
Դիտարկմանը, թե ի վերջո ի՞նչ է որոշվել մարտի 19-ին սպասվող Երևանի ավագանու նիստի վերաբերյալ՝ Խաժակյանը պատասխանեց, որ ըստ քաղաքապետի գրավոր հարցման պատասխանների՝ պարզ է դառնում, որ հատկապես այս իրավիճակում, նիստը պետք է հետաձգվի, սակայն կար օրակագրային հարց, որն ըստ օրենքի՝ եթե մարտի 20-ին չհաստատվի, ապա քաղաքապետն ավագանուն պետք է հրաժարականի դիմում ներկայացնի:

«Մենք քաղաքապետին ասել ենք, որ այս մասով մտահոգ ենք, որովհետև այս խնդիրն իրավական առումով պետք է կարգավորվի, ի վերջո, պետք է հասկանալ՝ այդ նիստը հետաձգվում է, չեղարկվում է, իրավական հետևանքն ինչպիսին է լինում: Քաղաքապետը ոչ մի պատասխան այս մասով դեռ չի տվել»,- շեշտեց Խաժակյնաը: