Ադրբեջանը խնդիր ունի նոյեմբերի 9-ից հետո գործընթացում և փորձում է ուժեղացնել ճնշումները՝ իր նախընտրելի օրակարգն առաջ մղելու համար

Մանրամասներ

1

«Բնական է, որ սահմաններում առկա իրավիճակի պայմաններում Ադրբեջանը փորձում է հետախուզական ակտիվ աշխատանք տանել, ինչը դրսևորվում է նաև ԱԹՍ-ների միջոցով: Ինչ վերաբերում է Գեղարքունիքի հատվածում Ադրբեջանի ակտիվացմանը, ապա այդ ակտիվացումը կարող էր լինել Սյունիքի հատվածում, Երասխում, այսինքն՝ փաստվում է, որ կա խնդիր այն գործընթացում, որը սկիզբ էր առել նոյեմբերի 9-ից հետո, և Ադրբեջանը փորձում է ուժեղացնել ճնշումները՝ իր համար նախընտրելի օրակարգն առաջ մղելու համար»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը:

«Ադրբեջանում սարսափում են բոլոր այն գործիչներից և ուժերից, որոնք Հայաստանում կարող են իշխանության գալ և բերել անվտանգության բարձրացում, զինված ուժերի մարտունակության անհրաժեշտ մակարդակին հասցնել և գլոբալ իմաստով անվտանգություն ապահովել: Անվտանգություն ասվածը, ներքին բաղադրիչներից բացի, ունի նաև արտաքին բաղադրիչներ՝ սկսած ռեգիոնալ պետությունների հետ համագործակցություններից, տարբեր ռազմաքաղաքական դաշինքներից: Որևէ ուղղությամբ այս պահին ՀՀ իշխանությունները որևէ քայլ չեն ձեռնարկում: Ադրբեջանի համար ամենաբարենպաստ իրավիճակն է ստեղծվել վերջին 30 տարում, արդյունքն այն էր, որ հենց այս իշխանության օրոք տեղի ունեցավ լայնամասշտաբ ռազմական գործողությունները: Ադրբեջանը փորձելու է զարգացնել իր հաջողությունները և պոկել Հայաստանից առավելագույնը»,- ընդգծեց նա:

Ադրբեջանի գործողություններին հակազդող միջոցառումներ ՀՀ իշխանությունների կողմից Աբրահամյանը չի տեսնում. «Այն դերակատարները, որոնք ռազմաքաղաքական վերնախավում տեղ են զբաղեցրել, նաև՝ վերջին կադրային փոփոխությունների արդյունքում կամ դրանից առաջ էլ, այդ մարդիկ նույնիսկ մեծ ցանկության դեպքում ունակ չեն լուծել մեր խնդիրները: Հետևաբար՝ իմ կանխատեսումները որևէ ձևով չեն կարող լավատեսական լինել»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում