Կլինենք հանցագործ կամ կմեռնենք. պարոն Փաշինյան, մեզ մարդու տեղ չդրեցիք, դե վաղը կտեսնեք՝ ինչ է լինելու

Մեզ վարչապետն ասում էր՝ ձեր կողքին ենք, ասում է՝ Հայաստանում կոռուպցիան վերացրել ենք, արդեն կոռուպցիան շատացրել են

Երեկ մեզ մարդու տեղ չդրեցիք, դե վաղը կտեսնեք՝ ինչ է լինելու։ Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, Արարատի մարզպետարանի դիմաց հայտարարեցին մսավաճառները, որոնք բողոքում են օրենքի դրույթի դեմ, որով պարտադիր է դառնում անասունների մորթը կազմակերպել միայն սպանդանոցներում:

«Մեր հարգելի նախարարների խելքը շատ է, ասեմ՝ թող հաշվարկեն։ Գյուղացին առնում է մի խոզի գոճին 30 հազար դրամ, էդ գոճին պետք է 40-ից 45 հազար դրամի կեր ուտի, որ դառնա 35 կիլոգրամ, դարձա՞վ 70-ից 75 հազար դրամ։ Էսօր, որ գյուղացին մորթում է՝ 60 հազար դրամ փող է հանում. էլ սպանդանոց ո՞նց տանի»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Բնակիչներից մեկն ասաց, որ շարունակվելու են բողոքի ակցիաները. «Մենք թավշյա հեղափոխությանը մասնակցել ենք հենց սպանդանոցների փակվելու համար։ Ինչի՞ համար են հին ծրագրերը բերում Կառավարություն։ Մեզ վարչապետն ասում էր՝ ձեր կողքին ենք, դուխով, պարոն Փաշինյան, մենք դուխով ենք, գյուղացին դուխով է։ Երեկ մեզ մարդու տեղ չդրեցիք, դե վաղը կտեսնեք՝ ինչ է լինելու. կլինենք հանցագործ կամ կմեռնենք»։

Անասնատերերից մեկն ասաց, որ կոռուպցիան այդ որոշումով ավելի է շատանալու. «Ես իմ ֆերմայի հայաթում ունեմ 20 քառակուսի մետր տարածք, բետոնապատել եմ, ծածկել եմ, ջուրը քաշել եմ, իմ անասունը կարող եմ մորթել, ինչի՞ համար ձեզ բերեմ 10 հազար դրամ տամ, որ իմ անասունը մորթեք, ձեզնից ոչինչ չեմ պահանջել։ Ասում են՝ Հայաստանում կոռուպցիան վերացնենք, արդեն կոռուպցիան շատացրել են»։

Տեսանյութը՝ news.am-ի