Հայերը հանդիպել են Հիսուսին. Տիրոջ անձեռակերտ պատկերի ոդիսականը

Եվ թող Հիսուս Քրիստոսի սուրբ և օրհնյալ Երեսը միշտ պայծառացած լինի բոլոր հայորդիներիս վրա, ովքեր Իր Աստվածային անվանն են հավատում և հույսեր կապում

 

Այո՛, կա այդպիսի պատկեր, որ մարդկային ձեռքը չէր կարող կերտել¬պատկերել, քանի որ պատկերվողը կերտողն էր մարդկության՝ Արարիչը երկնքի և երկրի, Ով մեզ այնքան սիրեց, որ մարդկային մարմին հագավ, և կատարյալ Աստվածը, որպես կատարյալ Մարդ, ապրեց մեր մեջ։ ՈՒ բնական էր, որ հավատացողները կցանկանային Տիրոջ պատկերն ունենալ ոչ միայն սրտերում, այլև իրենց աչքի առջև։ Եվ զարմանալին այն է, որ ցանկացողները ոչ թե հրեաներն էին, որոնցից սերվել էր Հիսուսը, այլ ուրիշ ազգի մարդիկ, ովքեր ընդամենը լսել էին Նրա մասին։ ՈՒ ոչ միայն լսել էին, այլև հավատացել ու վստահել էին Նրա ամենազորությանը։ Եվ այդ ազգը հայն էր՝ Թորգոմի տան որդիները։

Պատմական իրադարձությունների անաչառ էջերը մեզ հիշեցնում են. «944 թվականին Եդեսիայում գտնվեց Հիսուսի` Աբգար թագավորին ուղարկած անձեռակերտ պատկերը։ Այն փոխադրեցին Կ. Պոլիս, իսկ այնտեղից` Հռոմ»։ Այս տվյալը քաղված է հայոց մատենագրությունից։ 
Մենք կփորձենք մանրամասնել այդ սուրբ պատկերի վերաբերյալ մեզ հայտնի մնացած տվյալները արծարծված նյութի ամբողջության համար։ Իսկ պատկերը, իրոք, սուրբ է, քանզի Սրբացնողն է նրա վրա պատկերված։
Ավետարանական էջերը մեզ պատմում են Քրիստոս Հիսուսի երկրային կյանքի օրերի մասին, բայց կան այլ ազգերի մատյաններում պահված պատմական էջեր, որոնք լրացնում և ամբողջացնում են Տիրոջ երկրային կյանքի օրերի նկարագիրը։ 
Հայոց պատմությունը լի է նման բացառիկ լրացումներով։ Ասում եմ բացառիկ, քանի որ այլ ազգեր դրանք պարզապես չէին կարող ունենալ, քանի որ Ճշմարիտ լույսի՝ Հիսուսի կենարար խոսքի ցոլքերը չհասան նրանց, քանի որ նրանք դեռ հեթանոսական խավարով էին բավարարվում։ Բայց գտնվեց հրեա ազգի ոչ հեռու հարևան մի ազգ, որը լսեց, հավատաց Մեսիայի գալուստին, և ոչ միայն այդքանը, ապա թագավորական նամակով հրավիրեց Նրան իր երկիր` հյուրընկալվելու, այլև թագավորության մայրաքաղաք Եդեսիայում կիսելու այդ թագավորությունը։ Այս մասին մի անգամ արդեն գրել ենք «Իրատես de facto»-ի էջերում, որը քաղված էր Մովսես Խորենացու «Հայոց պատմությունից»։ Դա Հիսուսին ուղարկած հայոց Աբգար թագավորի նամակն էր ու դրա պատասխանը։ Անհրաժեշտության դեպքում ընթերցողը թող հոգս անի` այդ երկու աղբյուրներից օգտվելու, մանրամասները իմանալու։ Բայց հիմա մեր նպատակն է Հիսուսի անձեռակերտ պատկերի արդեն մոռացված «պատկերը» վերականգնելը, քանի որ այն մեծագույն գանձերից էր համարվում ժամանակի առաջավոր շատ երկրներում։
Ծանոթներիցս մեկը մեկնեց Իտալիա` նկարահանումների։ Նրանց խմբին հաջողվեց լինել շատ սրբավայրերում, այդ թվում և` Ճենովայի Սբ. Բարդուղիմեոս եկեղեցում։ Իմանալով իմ հետաքրքրությունը սրբապատկերների հանդեպ, այնտեղից բերեց ամենաթանկագին պատկերը, որ երբևիցե կուզենայի ունենալ՝ Տիրոջ անձեռակերտ պատկերով մի փոքրիկ ռուսերեն գրքույկ։ Ծանոթս ասաց, որ այնտեղ այս գրքույկից կար մի քանի հայտնի լեզուներով, նույնիսկ վրացերենով, բայց հայերեն, չգիտես ինչու, չկար։ Իսկ թե ինչու անպայման հայերեն, հիմա կիմանաք։
Ծանոթություն. քաղվածք այդ գրքույկից Տիրոջ անձեռակերտ պատկերի մասին։
Սուրբ դեմք. պատմական տեղեկություններ։
Հիսուսի Սուրբ դեմքը (անձեռակերտ պատկերը), որ ժողովրդի մեջ նաև Սուրբ վարշամակ է կոչվում, համարյա վեց դարից ավելի պահվում է Ճենովայի հայոց Սուրբ Բարդուղիմեոս եկեղեցում։ Ըստ ավանդության, դա Հիսուսի ամենահինավուրց պատկերն է։ Կան հավաստի տվյալներ, որ այն Փրկչի իրական պատկերն է։ Հովհաննեսի Ավետարանում գրված է, որ մի անգամ Փիլիպոս առաքյալի մոտ է գալիս «հույների» մի խումբ և ասում, թե ուզում է տեսնել Հիսուսին։ Այդ «հույներին», սուրբ հայրերից մեկի վկայությամբ, իբրև ուղարկել էր հայոց Աբգար թագավորը, Եդեսիա քաղաքից (այժմյան անունն է ՈՒռհա), որ գտնվում է հարավային Թուրքիայում։ Այդ քաղաքը ժամանակին քրիստոնեական մշակույթի կենտրոն էր։ Աբգար թագավորի և Հիսուսի մոտ նրա ուղարկած դեսպանների մասին պատմում է հինավուրց պատմությունը, որը մինչև առաջին դար է հասնում։ Այն որպես օրինակ է բերում Եվսեբիոս Կեսարացին` Տիրոջ Եկեղեցու առաջին պատմիչներից մեկը։ Այդ մասին են գրում նաև հայոց մատենագիր Մովսես Խորենացին (հինգերորդ դար), Պրոպոկոպիոսը, Եվագրիոսը և այլք։ 
Առաջին հազարամյակի ընթացքում, երբ դեռ հայտնի չէր վարշամակի մասին, այն կոչվում էր Եդեսիայի Քրիստոսի իրական Սուրբ պատկեր, և համարվում էր քրիստոնեական սրբապատկերագրության խավաքարտ (մատրիցա)։
…Այն օգնել և կարևոր նշանակություն է ունեցել պատկերամարտության տարիներին, հատկապես ութերորդ դարում, երբ բյուզանդական կայսրերը, մանավանդ Լևոն Գ¬ն, փորձում էին ոչնչացնել սրբապատկերները, իբր քրիստոնեության անաղարտության պահպանման նպատակով։ Որպես կռվան այդ մոլորյալ պատկերամարտերի փաստերի դեմ Կոստանդնուպոլսի պատրիարքներ Գրիգորիոս Բ¬ն և Ադրիանոս Ա¬ն օրինակ էին բերում Աբգար թագավորի ուղարկած Հիսուսի Սուրբ դեմքի պատկերի գոյությունը։
Մերձակա ազգերը Տիրոջ Սուրբ դեմքի` վարշամակի մասին իրազեկվեցին դրա միջոցով կատարված բազմաթիվ հրաշքների շնորհիվ, ինչպես նաև թշնամու դեմ պատերազմի ժամանակ հաղթանակների վկայություններով։
Եվ տասներորդ դարում, ավելի ճիշտ 944 թ., սուրբ վարշամակը Կոստանդին Ծիրանածինի ջանքերով Եդեսիայից տեղափոխում են Կոստանդնուպոլիս։ Այդ իրադարձությունն այնքան կարևորվեց, որ դրա պատվին հատուկ սուրբ Պատարագ մատուցվեց։
Տասնչորսերորդ դարի երկրորդ կեսին, թուրքերի հարձակումներից Բյուզանդական կայսրության տկարացման պատճառով, 1362 թ. ճենովացի մի նավապետի՝ Լեոնարդ Մոնտալդոյի միջոցով Սուրբ դեմքի վարշամակը դուրս է բերվում Կոստանդնուպոլսից՝ ռազմական օգնության դիմաց։ Այն մի քանի տարի անց՝ 1384 թ., ընծայաբերվում է հայոց Սբ. Բարդուղիմեոս եկեղեցուն, որի մերձակայքում Մոնտալդոյի ընտանիքը կալվածքներ ու տներ ուներ։ 
Այդ ժամանակից ի վեր Սուրբ պատկերը պահպանվում է այդ նույն եկեղեցում, որպես համայն քրիստոնեության համար մեծագույն կարևորություն ունեցող մասունք։
1507 թ., երբ Ճենովան գրավեց Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 12-րդը, Սուրբ պատկերը գողացան ու Ֆրանսիա տեղափոխեցին։ Հետագայում ճենովացի դեսպանների ու մեծահարուստների միջամտությամբ սրբապատկերը վերադարձվեց։
Դարերի ընթացքում Սուրբ դեմքը մի քանի անգամ բազմաթիվ գիտնականներ գիտափորձերի են ենթարկել։ Դրա ամենակարևոր հայտնագործությունն այն եղավ, որ Սուրբ պատկերի տակ գտնվեց հենց այն վուշե կտավը, որի վրա ժամանակին պատկերվել էր Տիրոջ անձեռակերտ պատկերը, երբ Անանիա նկարիչն ուզում էր ձեռքով նկարել Հիսուսին, ու երբ այդ չհաջողվեց նրան, Տերն այդ կտավը դրեց Իր դեմքին, որի վրա երևաց անձեռակերտ պատկերը։ 
Տիրոջ պատկերը մեծարժեք արծաթյա շրջանակի մեջ է, որը շուրջանակի դրվագված պատկերներ ունի, հիշեցնելով վերը նկարագրված պատկերի առաջացման պատմությունը։
Իսկ այդ եկեղեցին կոչվում է հայկական, որովհետև հիմնադրվել է 1308 թ. հայ վանականների ջանքերով, որոնք այստեղ են եկել Հայաստանի հարավային կողմերից, և անվանվել է սբ. Բարդուղիմեոսի անունով, ով առաջինը Հայաստան բերեց Տիրոջ փրկարար ավետարանի լույսը։
Դարերի ընթացքում սբ. Բարդուղիմեոսի անունով եկեղեցին մի քանի անգամ ձևափոխվեց, շքեղացվեց, բայց միջավայրը մնաց նախկինը։ 
Եվ ինչպես Ավետարանում է քողարկվել հայերի հանդիպումը Հիսուսի հետ, այստեղ էլ հայերի հիմնադրած եկեղեցում է անտեսվել Սուրբ դեմքի վարշամակի մասին պատմության հայերեն տպագրությունը։
Մենք էլ որոշեցինք լրացնել այդ բացը մեր ընթերցողների համար և ձեզ ներկայացնել Տիրոջ անձեռակերտ պատկերը։
Եվ թող Հիսուս Քրիստոսի սուրբ և օրհնյալ Երեսը միշտ պայծառացած լինի բոլոր հայորդիներիս վրա, ովքեր Իր Աստվածային անվանն են հավատում և հույսեր կապում։


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

irates.am