Հայաստան-Թուրքիա հարաբերությունները տարբերվում են Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից. Մխիթարյան

Ո´չ, ես Թուրքիայում խնդիր չեմ ունենա, քանի որ մենք արդեն բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել այնտեղ և ես  այնտեղ եմ եղել որպես ֆուտբոլիստ

Օրերս իտալական «Ռոմա» տեղափոխված հայազգի կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն առաջին ասուլիսն է տվել Հռոմում:

Մի շարք հարցերի թվում հայ ֆուտբոլիստը պատասխանել է նաև Թուրքիային վերաբերող հարցին: Մասնավորապես հարց է հնչել այն մասին, թե Ադրբեջանի օրինակով արդյո՞ք ինքը խնդրի առաջ չի կանգնի նաև այն դեպքում, եթե առաջիկա Եվրոպական խաղերում «Ռոմա»-ն Թուրքիայում խաղա «Իստամբուլ Բաշաքշեհիր» ակումբի հետ:

«Ո´չ, ես Թուրքիայում խնդիր չեմ ունենա, քանի որ մենք արդեն բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել այնտեղ և ես  այնտեղ եմ եղել որպես ֆուտբոլիստ: «Հայաստան-Թուրքիա»-ն նույնը չէ, ինչ «Հայաստան- Ադրբեջան»-ը: Այո´, Թուրքիայի հետ կապված հին պատմություն կա, բայց այնտեղ մարդիկ մոռացել են այդ մասին: Ես Թուրքիայում երբեք խնդիր չեմ ունեցել թե´ մրցաշրջանից առաջ կայացած հավաքներին, թե՛ Չեմպիոնների լիգայի, թե՛ Եվրոպայի լիգայի խաղերի ժամանակ: Չեմ կարծում, թե որևէ խնդիր կունենամ այնտեղ»,- մասնավորապես ասել է Մխիթարյանը:

Մխիթարյանը նաև ասել է, որ նոր ակումբ տեղափոխվել է ոչ միայն այստեղ պարզապես խաղալու, այլև պայքարելու գավաթի համար: Նա համոզմունք է հայտնել, որ նույն կերպ են մտածում նաև թիմի մյուս անդամները: