Գիտնականներն ստեղծել են արհեստական ուղեղ, որն սկսել է «մտածել»

Արհեստական ուղեղն աճեցվել է չափահաս մարդու ցողունային բջիջներից

Սան Դիեգոյի Կալիֆոռնիական համալսարանի գիտնականներն աճեցրել են արհեստական ուղեղ, որն սկսել է «մտածել». դրանում գրանցել են նեյրոնային ակտիվություն։ Այս մասին հրապարակվել է Stem Cell գիտական ամսագրում։

Հասկանալի է, որ խոսքը լիարժեք նեյրոնային ակտիվության մասին չէ, ինչպես լինում է մարդու ուղեղում։ Հետազոտողների խոսքով՝ իրենց արհեստական ուղեղն ունեցել է սինքրոն ազդակներ, որոնք նման են եղել անհաս երեխաների էլեկտրաէնցեֆալոգրամային։

Արհեստական ուղեղն աճեցվել է չափահաս մարդու ցողունային բջիջներից։ Գիտնականները կարողացել են դրանք վերածել գլխուղեղի կեղեւի ոչ մեծ հատվածի։ Բայց հետազոտությունների տարիներ կպահանջվեն լիարժեք ուղեղ ստանալու համար, որը կկարողանա իսկապես մտածել։