Մայրը կապել է երեխայի ոտքերն ու ձեռքերը, նետել աղբանոցը. մանրամասներ Գյումրիում 1-ամյա երեխայի սպանությունից

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով, այն է՝ սպանություն կատարելը

Ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ մայրն է կապել երեխայի ոտքերն ու ձեռքերը կպչուն ժապավենով, բերանը շոր մտցրել եւ նետել է աղբանոց: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը` մանրամասներ հայտնելով երեկ Գյումրիի Բուլվարային թաղամասում տեղի ունեցած սահմռկեցուցիչ դեպքից:

«Ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ մայրն է կապել երեխայի ոտքերն ու ձեռքերը կպչուն ժապավենով, բերանը շոր է մտցրել, երեխային նետել է աղբանոց, վրան էլ աղբ է լցրել։ Կինը պատճառաբանել է, որ նշված արարքը կատարել է՝ ելնելով սոցիալական վատ վիճակից, քանի որ չի կարողացել պահել, կերակրել երեխային»,- ասաց դատախազը` նշելով, որ կինը ձերբակալվել է։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով, այն է՝ սպանություն կատարելը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 31-ին ոստիկանության Մուշի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրիի քաղաքային աղբանոցում քաղաքացիները հայտնաբերել են երեխայի դի։

Մեկնած օպերատիվ խումբը աղբանոցում հայտնաբերել էր 1 տարեկան աղջիկ երեխայի դի՝ ձեռքերն ու ոտքերը փաթաթված կպչուն ժապավենով։

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, պարզվել է երեխայի ինքնությունը: Երեկոյան Գյուրիի Շիրակացու փողոցում ոստիկանները հայտնաբերել էին երեխայի մորը և բերման ենթարկել ոստիկանության Մուշի բաժին: