Նեթանյահուն մեկնաբանել է իր կնոջ ՝ Կիևում ընդունելության արարողության ժամանակ «աղ ու հացը» դեն նետելու աղմկահարույց միջադեպը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բենյամին Նեթանյահուն կատակով նշել է, որ եթե չլիներ «աղ ու հացի հետ կապված միջադեպը», ապա իսրայելական ԶԼՄ-ներն ընդհանրապես ուշադրություն չէին դարձնի իր՝ Ուկրաինա կատարած այցին, որը նա «պատմական» է անվանել

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կոչ է արել Ուկրաինայի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի նշաններ չփնտրել իր կնոջ կողմից ընդունելության արարողության ժամանակ «աղ ու հացը» չփորձելու մեջ, գրում է ria.ru-ն:

Կիևում նա տեսաուղերձ է հղել, որում մեկնաբանել է օդանավակայանում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպը, որի ժամանակ Սառա Նեթանյահուն գետնին էր նետել իրեն առաջարկված «աղ ու հացը»: Վարչապետը հիշեցրել է, որ իր կինն այցելության համար հատուկ ուկրաինական դրոշի գույներով հանդերձ էր ընտրել:

«Ձեզ պետք է ասեմ, որ նա հատուկ ընտրել էր Ուկրաինայի ազգային դրոշի գույներով հանդերձ: Նա ինքնաթիռից դուրս է եկել դեղին և կապույտ գույնի հանդերձով՝ հենց Ուկրաինայի հանդեպ հարգանքից ելնելով»,- ասել է Նեթանյահուն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ վարչապետի կինը ներկայացել է դեղին կոստյումով, նույն գույնի տաբատով և կապտականաչ գույնի վերնահագուստով:

Նա նաև կատակով նշել է, որ եթե չլիներ «աղ ու հացի հետ կապված միջադեպը», ապա իսրայելական ԶԼՄ-ներն ընդհանրապես ուշադրություն չէին դարձնի իր՝ Ուկրաինա կատարած այցին, որը նա «պատմական» է անվանել:

Ավելի վաղ իսրայելական աղբյուրները հաղորդել էին, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կինը՝ Սառա Նեթանյահուն, Կիևի ճանապարհին ինքնաթիռում սկանդալ է բարձրացրել:

Ըստ տեղեկությունների՝ վարչապետի տիկինը դժգոհել էր, քանի որ «օդանավի հրամանատարը նրան պատշաճ կերպով չէր ողջունել ինքնաթիռ նստելիս»։

Սառա Նեթանյահուն վեր էր կացել իր նստատեղից և ցանկացել էր այդ մասին տեղեկացնել օդաչուներին, սակայն նրան թույլ չէին տվել մտնել օդաչուների խցիկ: Իսկ օդանավից իջնելուց հետո դեն էր նետել իրեն հյուրասիրած աղ ու հացը: