Սիրելի Սերժ, մենք խճճվել ենք, քարկապ ենք ընկել

Որպես Նոր Հայաստանի գլխավոր կերտողներից մեկը, որպես ակտիվ հեղափոխական՝ հիմա մենք Ձեր կարիքն ունենք

ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հարգելի և շատ սիրելի Serj Tankian,
Նախկին հանցավոր ռեժիմի տարիներին Դուք պայքարում էիք Հայաստանի անտառների համար: Հիմա իրավիճակը հետևյալն է. Նոր Հայաստանում անտառները վտանգի տակ են:

Քանի որ Հայաստանը ժողովրդավարության բաստիոնն է աշխարհում, շատ ավելի ժողովրդավարական երկիր է, քան ԱՄՆ-ն և եվրոպական երկրները(դա ես չեմ ասում, Ձեր իրականացրած ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխության իշխանությունն է ասում), ապա Իջևանի ժողովուրդը որոշել է, որ իրենք են՝ իրենց անտառը, ինչ ուզեն՝ կանեն: Իսկ ծագումով իջևանցի ժողովրդի վարչապետը և ծագումով իջևանցի ՀՀ Ոստիկանության զորքերի հրամանատարը դեմ են Իջևանի ժողովրդի որոշմանն ու մի լավ քոթակել են Իջևանում ապրող Հայաստանի ազատ, անկախ, հպարտ և իհարկե՝ դուխով քաղաքացիներին:

Սիրելի Սերժ, մենք խճճվել ենք, քարկապ ենք ընկել: Որպես Նոր Հայաստանի գլխավոր կերտողներից մեկը, որպես ակտիվ հեղափոխական՝ հիմա մենք Ձեր կարիքն ունենք: Խնդրում ենք՝ կյանքի կոչեք ժողովրդի վարչապետին տրված Ձեր խոստումը՝ բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում: Եվ, հաշվի առնելով Իջևանում ստեղծված աղետալի իրավիճակը՝ խիստ ցանկալի և օգտակար կլինի, որ բնակարանը գնեք հենց Իջևանում՝ ժողովրդի վարչապետի հայրական տան թաղամասում, ծանոթանաք բնակիչների սոցիալական խնդիրների հետ, անտառի ու բնության խնդիրների հետ:

Հավատացեք, Ձեր հեղինակավոր խոսքը և հեղափոխական վարքագիծը հիմա Հայաստանում պահանջված են առավել, քան երբևէ: Քայլ արեք, եկեք Իջևան ու սովորացրեք իջևանցիներին տիրապետել անտառը չկտրելու և սովամահ չլինելու նուրբ արվեստին»: