ՀԲՃ նախաձեռնության անդամ Աննա Շահնազարյանի գործով պարզաբանումներ են պահանջվել Ոստիկանությունից

Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած քննարկման շրջանակում առաջնահերթ կարգով կապ է հաստատվել Աննա Շահնազարյանի հետ

«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Աննա Շահնազարյանին բերման ենթարկելու մասին տեղեկության եւ դրա կապակցությամբ մտահոգությունների հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Բացի դրանից, վերը նշվածի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղեկություն է ստացել նաեւ դեպքից հետո Պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ներկայացված «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության անդամներից մեկի ահազանգով:

Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած քննարկման շրջանակում առաջնահերթ կարգով կապ է հաստատվել Աննա Շահնազարյանի հետ: Նա Պաշտպանին հասցեագրած գրավոր բողոքով հայտնել է, որ բերման ենթարկելիս Ոստիկանության ծառայողները չեն ներկայացրել իրեն արգելանքի վերցնելու, այն է՝ ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները, իր դատավարական կարգավիճակը, դրանից բխող իրավունքները:

Աննա Շահնազարյանի պնդմամբ՝ Ոստիկանության ծառայողներն անհիմն առգրավել են ակցիայի մասնակիցների գույքը (պաստառ, սեղան, աթոռ, թռուցիկներ), ինչպես նաեւ հանգանակված ողջ գումարը: Աննա Շահնազարյանի ձեւակերպմամբ՝ Ոստիկանության ծառայողներն իրեն հայտնել են, որ ինքը ոչ թե բերման է ենթարկվել, այլ խարդախության կասկածանքով ներկայացվել է Ոստիկանության բաժին:

Աննա Շահնազարյանի պնդմամբ՝ Ոստիկանությունն այս գործողություններով խոչընդոտել է իր հասարակական գործունեությանը:

Ներկայում ձեռք բերված բոլոր տեղեկություններն, այդ թվում՝ Աննա Շահնազարյանի գրավոր բողոքի հանգամանքներն ամփոփվել են Պաշտպանի աշխատակազմում: Բարձրացված հարցերի կապակցությամբ համապատասխան պարզաբանումների պահանջով ու կոնկրետ հարցադրումներով գրություն է հասցեագրվել ՀՀ ոստիկանություն: