ԱՄՆ-ում հանցագործը «պահապան» սկյուռիկին կերակրել է թմրանյութերով

Իշխանությունները նշել են, որ անվտանգ եղանակներ չկան ստուգելու համար՝ կենդանուն իսկապե՞ս թմրանութերով են կերակրել, թե ոչ

ԱՄՆ Ալաբամա նահանգի Լայմսթոուն շրջանում ոստիկանները հանցագործի տանը հատուկ վարժեցրած «պահապան սկյուռիկ» են հայտնաբերել, հայտնում է Լենտան՝ հղում անելով WAFF 48 լրատվական պորտալին:

Երկուշաբթի՝ հունիսի 17-ին, ոստիկանները եկել են 35-ամյա Միկի Փոլքի տուն՝ ապօրինի հրազեն, արգելված թմարմիջոցներ և դրանց օգտագործման ու կիրառման համար միջոցներ պահելու համար կալանավորելու: Տղամարդը տանը չի եղել, և ոստիկանները կալանավորել են նրա հարևանին՝ 37-ամա Ռոնի Ռեյնոլդսին:

Նշվում է, որ խուզարկության ժամանակ ոստիկաններն ուշադրություն են դարձրել ագրեսիվ սկյուռիկին, որն այդ պահին գտնվել է վանդակում: Ոստիկանության տեղեկություններով՝ Փոլքը նրան պահում էր որպես պահապան կենդանի և հավանաբար, կերակրում մետամֆետամինով: Լայմսթոուն շրջանի ոստիկանական դեպարտամենտի աշխատակից Սթիվեն Յանգը խոստովանել է, որ ոչ ոք չէր ցանկանում մոտենալ սկյուռիկի վանդակին․ «Իրավապահ մարմիններում 18 տարվա աշխատանքի ընթացքում նման բան առաջին անգամ եմ տեսնում»,- ասել է նա:

Իշխանությունները նշել են, որ անվտանգ եղանակներ չկան ստուգելու համար՝ կենդանուն իսկապե՞ս թմրանութերով են կերակրել, թե ոչ:

Սկյուռիկի ճակատագիրն անհայտ է: Փոլքի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Առայժմ հայտնի չէ՝ կառաջադրվի՞ վերջինիս կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մեղադրանք: