Հայտնի է Մանվել Գրիգորյանի եւ Նազիկ Ամիրյանի գործով առաջին դատական նիստի օրը

Նա մեղադրվումէ 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի եւ դրան հաջորդած օրերին զինվորականների եւ կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու մեջ

ԵԿՄ վարչության նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով առաջին դատական նիստը նշանակվել է մայիսի 2–ին ժամը 12։00–ին։ Այս մասին NEWS.am–ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից։

Նշենք, որ գործը քննելու է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը։ Նա հանրությանը հայտնի է «Յոթի գործով», Շանթ Հարությունյանի եւ մյուսների եւ այլ հնչեղ գործերով դատավարություններից։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Մանվել Գրիգորյանը ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել եւ իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաեւ կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։

Նա մեղադրվումէ 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի եւ դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների եւ կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու մեջ։

Ըստ մեղադրանքի՝ Նազիկ Ամիրյանը ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել եւ իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաեւ կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։

Մանվել Գրիգորյանի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Ամիրյանի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը։

ԵԿՄ վարչության նախկին նախագահը ներկայումս բուժում է ստանում քաղաքացիական հիվանդանոցում։