Արսեն Ջուլֆալակյանն ու Մաքսիմ Մանուկյանն այսօր դուրս կգան մրցագորգ

Մրցագորգ դուրս կգան  55, 63, 77, 87 և 130 կգ քաշային մարզիկները

Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Մրցագորգ դուրս կգան  55, 63, 77, 87 և 130 կգ քաշային մարզիկները:

55 կգ. քաշային կարգում Հայաստանը ներկայացնում է Ռուդիկ Մկրտչյանը: Որակավորման փուլում նա կմրցի 2018 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, վրացի Նուգզարի Ցուրցումիայի հետ: 63 կգ. քաշայինների կարգում Սլավիկ Գալստյանի մրցակիցը որակավորման փուլում կլինի նորվեգացի Ստիգ-Անդրե Բերգեն: 87 կգ. քաշայինների կարգում աշխարհի և Եվրոպայի չեմպիոն  Մաքսիմ Մանուկյանը նույնպես պայքարը սկսելու է որակավորման փուլից: Նա կմրցի ֆինն Հեիկի Հերման Մեթսոմաեկիի հետ: 130 կգ. քաշային Դավիթ Հովասափյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակչից, որտեղ կհանդիպի աշխարհի գործող չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, ռուս Սերգեյ Սեմյոնովի հետ:

Նշենք, որ մրցաշարին մասնակցում է նաև օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը: 77 կգ. քաշայինների կարգում նրա առաջին մրցակիցը կլինի Նիդերլանդները ներկայացնող Մարսել Ստերկենբուրգը: