Քոչարյանի գործով նոր բողոք է քննվում

Պահանջում են դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ (Կենտրոն նստավայր) դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիութան հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքի քննությունը: 

Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ ապրիլի 11-ին մերժեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը եւս երկու ամսով երկարացնելու դեմ պաշտպանների ներկայացրած վերաքննիչ բողոքը:

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով եւ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:

Հիշեցնենք, որ փետրվարի 15–ին ՀՔԾ–ն հայտարարեց 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննվող քրեական գործով նախաքննության ավարտի մասին։

Այս գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը եւ ՀՀ նախկին փոխվարչապետ  Արմեն Գեւորգյանը։