Քոչարյանի կալանքի տակ մնալ-չմնալը չպիտի պայմանավորված լինի, թե ժողովուրդն ինչ է մտածում այդ մասին. Պաշտպան

Քանի՞ տարբեր կարծիք կարող է ունենալ մի պետական մարմին։

«Քանի՞ տարբեր կարծիք կարող է ունենալ մի պետական մարմին։ Օրինակ՝ այսօր քննիչն էստեղ է ու ինքը պնդելու է այն տեսակետը, որ ոչ միայն կարող է խոչընդոտել քննությանը, այլ իրենք նաեւ պնդում են, որ կարող է թաքնվել քննությունից»։ Այս մասին այսօր Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն՝ անդրադառնալով օրերս ՀՔԾ պետի այն հայտարարությանը, թե Քոչարյանը ազատության մեջ գտվելով կարող է խոչընդոտել ճշմարտության բացահայտմանը։

«Դատախազությունն էլի բողոք է բերել, էլի պնդել է, որ պարոն Քոչարյանն ոչ միայն կարող է խոչընդոտել քննությանը, կարող է թաքնվել քննությունից։ Պարոն Սասուն Խաչատրյանը հայտարարություն է անում եւ նշում, որ պարոն Քոչարյանը կարող է խոչընդոտել քննությանը եւ ոչինչ չի ասում իրենց պնդման մասին, որ կարող է թաքնվել քննությունից։ Իրականությունը նրանում է, որ պարոն Քոչարյանը չի թաքնվի քննությունից։ Էդ ամեն ինչն ասվում է հանրության մոտ տպավորություն ստեղծելու, մոլորության մեջ դնելու համար»,- նշեց նա։

Մեր հարցին, թե իրենց հաջողվո՞ւմ է տպավորություն ստեղծել հանրության մոտ, ի վերջո հենց ժողովուրդն էլ պահանջում է կալանքի տակ պահել երկրորդ նախագահին, պատասխանեց. «Պարոն Քոչարյանի կալանքի տակ մնալը չպիտի պայմանավորված լինի կամ չլինի, թե ժողովուրդն ինչ է մտածում այդ մասին։ Ժողովորդավարությունը նա չի, որ ժողովուրդը որոշի՝ էս մարդը մնա կալանքի տակ, թե չէ»։