Արթուր Վանեցյանն ընդունել է ԱՊՀ երկրների Հակաահաբեկչական կենտրոնի պատվիրակությանը

Հանդիպման ընթացքում կողմերը փոխանակեցին կարծիքներ՝ ԱՊՀ մասնակից պետությունների սահմաններին ձեւավորվող իրավիճակի մասին

Ս.թ. ապրիլի 9-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Ա. Գ. Վանեցյանն ընդունեց ԱՊՀ մասնակից պետությունների Հակաահաբեկչական կենտրոնի պատվիրակությանը՝ Կենտրոնի ղեկավարի տեղակալ գեներալ-մայոր Ս. Գ. Դուդկոյի գլխավորությամբ, որը ժամանել է շտաբային բանակցությունների անցկացման նպատակով՝ Հայաստանի Հանրապետությունում ս.թ. սեպտեմբերին նախատեսվող` ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների՝ «Արարատ-Անտիտեռոր-2019» համատեղ հակաահաբեկչական վարժանքի նախապատրաստման շրջանակներում: Վարժանքին մասնակցելու են ԱՊՀ մասնակից պետությունների հատուկ ծառայությունները, 102-րդ ռուսական ռազմական բազան, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարություններն ու գերատեսչությունները:

Կայացած հանդիպման ընթացքում կողմերը փոխանակեցին կարծիքներ՝ ԱՊՀ մասնակից պետությունների սահմաններին ձեւավորվող իրավիճակի եւ Սիրիայում ու Իրաքում միջազգային ահաբեկչական կազմակերպությունների կողմից կրած լուրջ կորուստների հետեւանքով վերջիններիս ռազմավարությունում տեղի ունեցած փոփոխությունների պատճառով ի հայտ եկող արդի սպառնալիքների վերաբերյալ: Բացի այդ քննարկվեցին ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների առջեւ ներկայիս փուլում կանգնած ծրագրերն ու խնդիրները: 

Կողմերը նշեցին նաեւ ահաբեկչության եւ ծայրահեղականության այլ բռնի դրսեւորումների դեմ պայքարի ոլորտում ՀՀ ԱԱԾ-ի եւ ԱՊՀ ՀԱԿ-ի միջեւ փոխգործակցության բարձր մակարդակը:

Նշենք, որ 2006թ. Հայաստանի Հանրապետությունում ՀՀ ԱԱԾ-ի կողմից, ԱՊՀ ՀԱԿ-ի համակարգմամբ, անց է կացվել «Ատոմ-Անտիտեռոր-2006» հակաահաբեկչական վարժանքը, որի ընթացքում մշակվել են Հայկական ԱԷԿ-ի հակաահաբեկչական պաշտպանվածության ուժեղացման հարցերը: