«Թրամփին հաղթելն այնքան հեշտ կլինի»

Ալեք Բոլդուինը չի բացառել նախագահական ընտրություններին իր մասնակցությունը

Հոլիվուդյան դերասան Ալեք Բոլդուինը թվիթերյան գրառման մեջ չի բացառել, որ կարող է մասնակցել 2020թ. ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններին, գրում է Daily Mail-ը:

«Եթե պայքարեմ նախագահի պաշտոնի համար, կքվեարկե՞ք իմ թեկնածության օգտին: Խոստանում եմ, որ ձեզնից ոչ մի դոլար չեմ խնդրի, ինչպես նաև խոստանում եմ հաղթել»,-գրել է դերասանը:

Նա նաև նկատել է, որ գործող նախագահ Դոնալդ Թրամփին հաղթելը «շատ, շատ, շատ հեշտ կլինի»:

Պարբերականը նշում է, որ դերասանը գործող նախագահի ամենաակտիվ քննադատներից է, որի «սրամտություններին» Թրամփը մեկ անգամ չէ, որ հրապարակավ պատասխանել է:

Բոլդուինն արդեն տևական ժամանակ է, ինչ Saturday Night Live շոուի շրջանակում նմանակում է Թրամփին՝ նախագահի կերպարը դնելով տարբեր ծաղրական իրավիճակներում:

«Դուք պարզապես ցինիկության աստիճան խենթ պետք է լինեք, որ հավատաք, որ Թրամփը այս երկրի համար պատշաճ ղեկավար է: Թրամփի աջակիցներն ատում են նրա ընդդիմախոսներին: Նրանք ատում են լիբերալ Հոլիվուդը»,-վերջին հարցազրույցներից մեկում ասել էր Բոլդուինը: