Պետք չէ ակնկալել, որ մեկ հանդիպումից հետո դարակազմիկ առաջընթաց կլինի

Հստակություն դեռ չկա, բայց խոսքը հավասարաչափ երկկողմանի հումանիտար ակցիաների մասին է

«Պետք է հաշվի առնել, որ տարիներ շարունակ եղել են տարբեր մեկնաբանություններ և տրամաբանական չէ  ակնկալել, որ մեկ հանդիպման ընթացքում այդ մեկնաբանությունները հստակեցվելու են: Սա շարունակական գործընթաց է, բայց շատ կարևոր է, որ այդ գործընթացը սկսվելու է»,- ընդգծեց նա:

Հարցին, թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ չեն անդրադարձել մադրիդյան երեք սկզբունքներին և այն վեց տարրերի մասին, ապա կարո՞ղ են ասել, որ կողմերն աշխատում են նոր փաստաթղթի շուրջ, Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ  նոր փաստաթուղթ այս պահին չի մշակվում և դա տրամաբանական է, քանի որ բանակցություններում այս պահին չկա հստակ բովանդակային փուլ։

«Ինչպես բազմիցս նշվել է, կողմերը խոսում են բանակցություններից և միմյանց ընկալումներից»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հումանիտար ոլորտում տարվելիք Հայաստանի և Ադրբեջանի համատեղ աշխատանքին, պատգամավորը նշեց, որ հումանիտար աշխատանքների մասին Վիեննայում հայ համայնքի հետ հանդիպման ընթացում վարչապետը նշել է օրինակներ:

«Ես գիտեմ, որ դրանք նույնպես պետք է մշակվեն։ Հստակություն դեռ չկա, բայց խոսքը հավասարաչափ երկկողմանի հումանիտար ակցիաների մասին է, որ միտված են փոխվստահության մակարդակի բարձրացմանը և բանակցությունների համար անհրաժեշտ համապատասխան խաղաղության մթնոլորտի ստեղծմանը»,- նշեց պատգամավորը:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք խոսվե՞լ է Արցախը բանակցությունների սեղան վերադարձնելու մասին, Ռուբեն Ռուբինյանը  հայտնեց, որ Արցախից վերադարձել են երեկ գիշերը, ուստի չեն կարող ասել:

Դիտարկմանը, թե ինչպես է գնահատում Արդբրեջանի նախագահի հայտարարությունը, պատգամավորն արձագանքեց. «Նորմալ: Այն այնպիսի հանդիպում չէր, որ պետք էր ակնկալել դարակազմիկ արդյունքներ, բայց միևնույն ժամանակ կարևոր հանդիպում էր երկրների ղեկավարների միջև, մեր կողմից վերջին ամիսներին հնչեցվել են թարմ գաղափարներ, տրամաբանական մոտեցումներ, և այս համատեքստում էր, որ տեղի ունեցավ հանդիպումը, և սա շարունակական գործընթաց է»: