Վրաստանի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ՀՀ նախագահի նստավայրում տեղի կունենա Արմեն Սարգսյանի եւ Սալոմե Զուրաբիշվիլիի առանձնազրույցը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով այսօր երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի գլխավորած պատվիրակությունն այցելել է  Ծիծաեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Վրացական պատվիրակության կազմում են Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին, Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գեորգի Վոլսկին, մի խումբ պատգամավորներ, Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան, պաշտոնատար այլ անձինք:

Նույն օրը ՀՀ նախագահի նստավայրում տեղի կունենա Արմեն Սարգսյանի եւ Սալոմե Զուրաբիշվիլիի առանձնազրույցը, այնուհետեւ՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը: Նախագահներ Սարգսյանն ու Զուրաբիշվիլին հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ:

Պաշտոնական այցի շրջանակում Վրաստանի նախագահը հանդիպումներ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ, կհյուրընկալվի Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին: