«Գիտեմ, որ Եկեղեցին չի տրվելու․ Ես ոչ տվող եմ, ոչ էլ՝ հանձնող». Փոխոստիկանապետը ոսկեպարցիներին

Մանրամասներ
ոստիկանություն

Ոսկեպարում մերթընդմերթ իրավիճակը լարվում է. ականազերծման աշխատանքները շարունակվում են, Պաշտպանության նախարարությունը սակրավորների նոր խումբ է ուղարկել Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածք։ Բնակիչները պարբերաբար փորձում են մոտենալ եկեղեցուն, սակայն ոստիկանները թույլ չեն տալիս:

«Այս պահին մի գնացեք, դուք գնալու եք, բախում է լինելու։ Ռազմական ոստիկանությունը ծառայություն է անում, հիմա կվերջացնի կգնաք 2 ժամից։ Համբերե՛ք, երբ ճանապարհը բացվի կգնաք»,- ասաց փոխոստիկանապետ Կարեն Հակոբյանը։

Բնակիչների հակադարձումներին, թե եկեղեցին հանձնում են, Հակոբյանն ասաց․ «Հստակ գիտեմ, եկեղեցին չի տրվելու: Ես ոչ տվող եմ, ոչ վերցնող»:

Լրագրողների դիտարկմանը, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը քարտեզ է հրապարակել, նա արձագանքեց. «Ես տեղյակ չեմ այդ քարտեզից: Ես միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու»:

Բնակիչներից մեկն էլ, երբ փորձում էր գնալ եկեղեցի, ասաց․ «Դո՞ւ ես որոշում գնամ եկեղեցի, թե ոչ, ինձ ոչ ոք չի կարող ասել ինչ անեմ»։

«Այդ ի՞նչ ձև ես խոսում։ Ոչ ոք չփորձի այստեղ շանտաժ անել, ուրիշ ձև կլինի ամեն բան»,- հակադարձեց Կարեն Հակոբյանը։

Հիշեցնենք, որ Ոսկեպարում արդեն 1,5 ժամ է, ինչ ականազերծման աշխատանքներ են տեղի ունենում եկեղեցու տարածքում, բնակիչները փորձում են թույլ չտալ, խանգարել, սակայն մեծ թվով ոստիկանական ուժեր են հսկում նրանց, որպեսզի չմոտենանան եկեղեցուն։

Ավելի վաղ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հայտարարություն էր տարածել, որտեղ ասվում էր, թե պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման աշխատանքների հետ կապված։ Հրապարակվել է քարտեզ, որով եկեղեցին անցնելու է Ադրբեջանի տիրապետության տակ։