Ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են իր ազգականի ավտոմեքենան բենզինով հրկիզողին

Մանրամասներ
դեպք

Երեկ՝ մարտի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շենավան գյուղում ավտոմեքենա են հրկիզել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկի Շամշյանը, գյուղ են մեկնել ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ՝ խումբը բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Անդրանիկ Այվազյանի գլխավորությամբ։

Պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունները հավաստի էին, իսկ մինչ այդ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ նշված գյուղի 9-րդ փողոցում «ԳԱԶ 2110» մակնիշի ավտոմեքենա է այրվում։

Դեպքի վայր են ժամանել Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ, ովքեր մարել են ավտոմեքենայում բռնկված կրակը, սակայն այն դարձել է ոչ շահագործելի։

Մինչ հրշեջները աշխատում էին, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, վարչության պետ Արթուր Բդոյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանի, ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Թարվերդյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հովհաննես Ղանդիլյանի գլխավորությամբ պարզվել են հրկիզողի ինքնությունը։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ՊԾ Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Մանուկ Սարգսյանի և դասակի հրամանատար Նարեկ Գրիգորյանի գլխավորությամբ։

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը ոստիկաններն ու պարեկները նշված ավտոմեքենան հրկիզելու կասկածանքով հայտնաբերել և ոստիկանության Արմավիրի բաժին են տեղափոխել Արմավիրի մարզի բնակիչ  46-ամյա Կարեն Ս․-ին, ով կասկածվում է իր ազգականի՝ 62-ամյա Ջիվան Ս․-ին պատկանող ավտոմեքենան հրկիզելու մեջ։

Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։