Սեմ Էսմայիլի «Աշխարհը թող հետեւում» ապոկալիպտիկ թրիլերից եւ այն նորություններից հետո, ըստ որոնց՝ Մարկ Ցուկերբերգը 5 000 քառակուսի ֆուտ մակերեսով բունկեր է կառուցում Կաուաի կղզու իր ռանչոյի տակ, ամրացված ապաստարանների շուկան վերելք է ապրում, գրել է Hollywood Reporter-ը։
Ձգտելով պաշտպանել իրենց պոտենցիալ սպառնալիքներից՝ ներառյալ քաղաքացիական անկարգությունները, կիբեռգրոհները, միջուկային ռմբակոծությունները, էլեկտրացանցերի խափանումները եւ կլիմայի փոփոխությունները, շատերն աշխատում են հենց պատրաստի բունկերների կառուցման կապալառուների հետ։
«Թվում է՝ մոտենում է Երրորդ համաշխարհային պատերազմը»,- գրել է Տեխասում տեղակայված Atlas Survival Shelters ընկերության գլխավոր տնօրեն Ռոն Հաբարդը՝ նշելով, որ լուրերը Ցուկերբերգի բունկերի մասին «իրարանցում են առաջացրել գնորդների շրջանում»։ Ներկայում նա Օկլահոմայում հաճախորդների համար կառուցում է 7,5 մլն դոլար արժողությամբ բունկեր։
Դել Մարում (Կալիֆոռնիայի նահանգ) Vivos ընկերության հիմնադիր Ռոբերտ Վիչինոն, որի ընկերությունը ստորգետնյա բունկերներ է կառուցում, համաձայն է նրա հետ։ «Այժմ, երբ Ցուկերբերգը կատվին պարկից դուրս է թողել, նրա կարգավիճակն ունեցողներն սկսում են մտածել. «Օ, Աստված, եթե նա դա անում է, գուցե, գիտի ինչ-որ բան, ինչը ես չգիտեմ, գուցե արժե, որ ես էլ անեմ դա»։
Բունկերներին սիրահարված այլ մագնատների շարքում են միլիարդատեր եւ Paypal-ի նախկին գլխավոր տնօրեն Փիտեր Թիլը, որի՝ բունկեր կառուցելու փորձերը Նոր Զելանդիայում կասեցվեցին 2022թ., եւ Բիլ Գեյթսը, որը, ըստ լուրերի, ստորգետնյա բունկերներ ունի իր տներից յուրաքանչյուրի տակ։
Վիրջինիայում գտնվող SAFE (Strategically Armored & Fortified Environments․ զբաղվում է գերհարուստ մարդկանց համար անհատական դիզայնով) ընկերության նախագահ եւ հիմնադիր Ալ Քորբին նշել է, որ շատ միլիարդատերեր հատկապես կենտրոնացել են այն հանգամանքի վրա, թե ինչպես հաղթահարեն էներգահամակարգի խափանումները, ներառյալ ավտոմեքենաների եւ ինքնաթիռների գնումները, որոնք ավելի քիչ են կախված համակարգչային ինտերֆեյսներից։ «Այդ տղաներից շատերը գնում են King Air կամ ավելի հին ինքնաթիռներ, որոնք էլեկտրոնային ավիոնիկա չունեն, եւ իրենց հավաքածուում թողնում են մեկ կամ երկու հին մեքենաներ՝ թողարկված մինչեւ 1986թ.։ Նորությունն այն է, թե ինչպես անցնել միջուկային բումի գաղափարից տեղային սպառնալիքներից պաշտպանվելուն։ Իսկական սպառնալիք է էներգահամակարգը, որը, ճակատագրի հեգնանքով, «Աշխարհը թող հետեւում»-ի սյուժեն է։ Նման իրավիճակներում ձեր կյանքը պաշտպանելը նույնքան կարեւոր է, որքան եւ ուտելիքն ու ջուրը»։
Միջին վիճակագրական ապաստարանը, որը Հաբարդը վաճառում է «ամեն օր», բաղկացած է հավաքովի մոդուլային պողպատե բունկերից եւ արժե 200 000-400 000 դոլար («Նույնն է, թե Ֆերարի գնես»,- ասում է նա)։ Ի դեպ, Atlas Survival Shelters-ի հաճախորդների 50 տոկոսը կանայք են։ (Հաբարդը 2021թ-ին հայտնվել է «Keeping Up With The Kardashians» սերիալի վերջին սեզոնի դրվագում, որտեղ Քիմ եւ Քլոե Քարդաշյանները թեստավորում են 500 քառակուսի ֆուտ մակերես եւ 200 000 դոլար արժեք ունեցող նրա բունկերներից մեկը)։
Հաբարդի խոսքով՝ գլոբալ պահանջարկի պատճառով օդի զտման բունկերային համակարգերը (որոնց արժեքը կազմում է 3 000-1 000 ԱՄՆ դոլար) դառնում են դեֆիցիտ, ուստի դեկտեմբերին նա գնել է 711 նման համակարգ (ավելի, քան գնել էր վերջին 13 տարիներին միասին վերցրած), որպեսզի հետ չմնա աճող պահանջարկից։ Նա ասում է, որ ընկերությունը ներկայում աշխատում է ԱՄՆ երկու միլիարդատեր հաճախորդների հետ, «երկուսն էլ կապված են Facebook-ի հետ», բայց նրանց բունկերների արժեքը չի գերազանցում 500 000 դոլարը։
«Ես լսել եմ, որ Միացյալ Նահանգներում կառուցվում է մեկ-երկու մեծ բունկեր՝ 5-10 մլն դոլար արժողությամբ»,- ավելացրել է Հաբարդը, որը ներկայում կառուցում է 5 մլն դոլար արժողությամբ բունկեր Կուալա Լումպուրի (Մալայզիա) հաճախորդի համար։
Քորբին, որն աշխատել է Reliance Industries-ի բիզնես-մագնատ Մուկեշ Ամբանիի 4,8 մլրդ դոլար արժողությամբ 27 հարկանի շքեղ նստավայրի վրա (Մումբայ), THR-ին ասել է, որ իր ամենատպավորիչ նախագիծը, որը պետք է ավարտվի 2025թ-ին, կղզի-ամրոցն է՝ կառուցված 200 ակր մակերեսով տարածքի վրա, որն ունենալու է առաջավոր տակտիկական համակարգեր։
«Ապաստարանը կարող է դիմանալ էպիկենտրոնից մեկ մղոն հեռավորության վրա տեղի ունեցած պայթյունին»,-ասել է Քորբին։ «Հաճախորդը [բիզնես-մագնատը] ցանկանում էր վստահ լինել, որ ոչ ոք չի կարողանա հասնել իր ընտանիքին, ուստի արդյունքում մենք տառացիորեն կառուցեցինք լիճ՝ 30 ֆուտ խորությամբ [համալիրի շուրջը], ծածկված դյուրավառ հեղուկով, որը կարող է վերածվել հրե օղակի։ Կղզի հասնելու միակ մուտքը հավաքովի կամուրջն է»։
Քորբիի նախագծում կան նաեւ «ջրցաններ, որոնք կարող են խոցել պարաշյուտները, Apache ուղղաթիռները եւ այն ամենը, ինչը մոտենում է ձեզ 500 ֆուտ բարձրությունից»։
Հաջորդ մակարդակի հարցը ուր գնալն է, եթե ինչ-որ բան պատահի հիմնական ապաստարանի հետ։ Թունելների բարդ համակարգերը, որոնք մարդկանց ուղարկում են այլընտրանքային բունկերներ, առաջարկում են պահեստային պլան։
0Comments